ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Ռուսաստանն ու Իրանը մի քանի առևտրային նավերի կառուցման մասին պայմանագիր են ստորագրել։ Ինչպես հայտնում է Irna գործակալությունը, նավերը կկառուցեն Իսլամական Հանրապետության IRISL «Նավագնացության գծերը»` Աստրախանի «Սոլյանկա» նավահանգստի պատվերով: Պայմանագիրը պետք է նպաստի երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը։
Իրանի գլխավոր հյուպատոս Մեհդի Աքուչեքիանը Աստրախանում պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է, որ նավահանգստային փոխադրումների կազմակերպումը դրական ազդեցություն կունենա Իրանի և Ռուսաստանի արտահանվող ապրանքների վերջնական գնի նվազեցման վրա:
Դիվանագետը մեծ քայլ է անվանել նավերի կառուցման վերաբերյալ երկկողմ պայմանագիրը` նշելով, որ այն կնպաստի երկու երկրների առևտրային համագործակցության ընդլայնմանը: Աքուչեքիանն ընդգծել է, որ նավերի կառուցումը և նավահանգստային ծառայությունների ենթակառուցվածքների զարգացումն անհրաժեշտ է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի համար:
Ներկայում Ռուսաստանում իրանական արտադրանքի իրացման հիմնական ուղիներից մեկը «Սոլյանկա» նավահանգիստն է: Սակայն նախատեսվում է ընդլայնել առևտուրը նաև Կասպից ծովի մյուս ռուսական նավահանգիստների միջոցով։