Ռուբեն Բաբայանն անդրադարձել է նաև 2021 թ․-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչների հանդիպմանն ու խոստովանել, որ չէր գնա նոր հանդիպման, քանի որ ձեռք բերված փոխադարձ համաձայնությունները կատարել է միայն հայկական կողմը։ Բայց և հեռանկար է տեսնում երկու ազգերի տարբեր ոլորտները ներկայացնող երիտասարդների համագործակցության հարցում։
-Պարոն Բաբայան, ինչպիսի՞նն էր 2022-ը Ձեր գնահատմամբ։
-Եթե անդրադառնանք թատրոնի գործունությանը՝ տարին շատ արդյունավետ էր։ Մենք բեմադրեցինք 5 նոր ներկայացում, ընդ որում, ոչ միայն տիկնիկային, այլև դրամատիկ։ Մի շատ կարևոր ներկայացում բեմադրվեց 44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթների հիման վրա` «Հետախույզ Ալենը» ներկայացումը, որը մտավ մեր խաղացանկ։ Մասնակցեցինք բազմաթիվ միջազգային փառատոնների, րցանակներ բերեցինք, այցելեցինք նաև զորամասեր, սահմանամերձ գոտիներ։ Հիմա գնում են Ամանորյա ներկայացումները, որոնց անվճար մասնակցելու հնարավորություն կունենան մոտ 1500 երեխա, որոնց ծնողները զոհվել կամ վիրավորում են ստացել պատերազմի ժամանակ։ Նրանք նաև նվերներ կստանան` այն, ինչ իրենք են ցանկացել։
- Ի՞նչ դեր ունեն մտավորականները երկրում։ Կարծես թե, հասարակությունն էլ միանշանակ դիրքորոշում չունի. մտավորականը խառնվում է քաղաքականությանը, ասում է՝ թող իր գործով զբաղվի, չի խառնվում, ասում է՝ որտե՞ղ է մեր մտավորականությունը։
- Մենք հաճախ խառնում ենք երկու երևույթ՝ քաղաքացիական ակտիվություն և քաղաքականություն։ Քաղաքացիական դիրքորոշումը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, միգուցե՝ պարտականությունը։ Մտավորականի քաղաքացիական դիրքորոշումը հետաքրքիր է այնքանով, որքանով այն զուտ իրենն է, անձնականը, այլ ոչ թե որևէ կուսակցության հարմարեցված։ Հիմնականում մեր քաղաքական ուժերն են բարձրացնում այդ հարցը՝ «որտե՞ղ է մեր մտավորականությունը», եթե մտավորականը չի կանգնում իրենց հետ նույն հարթակում։
Կարող է պատահել որևէ քաղաքական ուժի դիրքորոշումն այս պահին հավանես կամ հակառակը, բայց դա դեռ չի նշանակում որ դու ամրագրվել ես մշտապես հավանես կամ քննադատես ամեն ինչ։ Ամենակարևորը, հասարակության հետ անկեղծ լինելն է՝ ո՛չ փորձել դուր գալ, ո՛չ էլ դիվիդենտներ կորզել այդ դիրքորոշումից։ Հիշենք` ինչպես էին 100 տարի առաջ քարկոծում Հովհաննես Թումանյանին։ Եթե դու կրում ես որոշակի արժեքային համակարգ, կարծում եմ` այդ քարկոծումները չպետք է վախեցնեն։
Մեր իրականության մեջ հասարակությանը հաճախ ընկալում են որպես իրենց սպասարկող զանգված։ Այդ պատճառով քաղաքական ուժերից մեղադրանքներ ենք լսում՝ քնած եք, այս եք, այն եք․․․
-Մեկ տարի առաջ Հայաստանի ու Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում, Դուք այդ կազմի մեջ էիք։ Ո՞րն էր հանդիպման նպատակը։ Հաշվի առնելով այսօրվա իրողությունը` որքանո՞վ է Ադրբեջանը պատրաստ հասարակությունների միջև շփումների, երբ նրանք մանկապարտեզից սկսած ատելություն են սերմանում հայերի նկատմամբ։
-Բացասական արդյունքը ևս արդյունք է։ Նախ այն, որ պետք է խոսել բոլոր պարագաներում՝ փաստ է։ Խոսել միայն այն մարդկանց հետ, ովքեր քեզ հաճելի են՝ ինքնախաբեություն է։ Գուցե ավելի շատ պետք է խոսել նրանց հետ, ովքեր թշնամական են տրամադրված քո հանդեպ։ Մի հարց բարձրացրեցինք այն հանդիպման ժամանակ, որի հետ համաձայն էին և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմերը, և՛ կազմակերպիչները։ Հետևյալն էր` եթե այստեղ հավաքվել են հումանիստական ոլորտի ներկայացուցիչները, ապա լուծենք ամենակարևոր հումանիստական հարցը՝ գերիների վերադարձը։ Մեր պատվիրակության անդամ Արմեն Մուրադյանը նույնիսկ առաջարկեց բժիշկներ ուղարկել, եթե չեն ուզում Հայաստանից, կկազմակերպենք Ռուսաստանից։ Նրանց կողմից բարձրացվեց իրենց մտահոգող հարցը՝ ականապատ տարածքների քարտեզները։ Այդ հանդիպումից հետո ես հայտարարեցի, որ հանդիպումները չպետք է լինեն «для галочки» և կրեն ձևական բնույթ։
Եթե մենք իսկապես ուզում ենք վստահություն ներշնչել միմյանց հանդեպ, եկենք դիմենք գործնական քայլերի, իսկ դա կնշանակի մեր գերիների վերադարձը։ Արդյունքում Հայաստանը կատարեց իր պարտականությունը։ Իրենք էլ խոսք տվեցին բարձրաձայնել այդ հարցը։ Իրականում, ոչ մի գերի չվերադարձավ այդ խմբի շրջանակներում։ Նշեմ, որ մենք բոլորս ազատ էինք, խոսում էինք` ինչ ուզում էինք, այսպես ասած, «ինստրուկտաժ» չէինք անցել։ Այդ պատճառով մեր դիրքերն ամուր էին։ Մենք ունեինք որոշակի հեղինակություն մեր իշխանության մոտ` քարտեզները վերադարձվեցին ամբողջովին, համենայնդեպս այն, ինչ կար։ Պարզ է, որ դրանք իդեալական քարտեզներ չէին, գերմանացիները չէին կազմել դրանք։ Իսկ այն խումբը, եթե խոստանում է մի բան ու չի կատարում, նշանակում է` կա՛մ նրանք հասարակության վրա ազդեցություն չունեցող մտավորականներ էին, կա՛մ լիազորություններ չունեին իրենց իշխանության համար։
Կարծում եմ, որ նման հանդիպումները պետք է շարունակվեն, բայց միայն գործնական քայլերի դեպքում, իսկ դա մեր գերիների վերադարձն է։ Առավել ևս, որ դրան գումարվել են նոր փաստեր՝ և՛ Հայաստանի տարածքի զավթում, և՛ շրջափակում։
-Այլ կերպ ասած, եթե վաղը հանդիպում լինի, չե՞ք գնա։
-Իհարկե ոչ։ Ես այն տարիքում չեմ, որ ձևական գործողությունների մասնակցեմ։ Այդ հանդիպման ժամանակ ես առաջարկեցի ուրիշ բան։ Եթե հանդիպումները պետք է շարունակվեն, նախ փորձենք երիտասարդներին ներգրավել, նրանք են ապրելու վաղը։
-Բայց չե՞ք կարծում, որ հատկապես այդ երիտասարդ սերունդն է, վերջին 30 տարվա ընթացքում դաստիարակվել առավել անհանդուրժողական տրամադրվածությամբ։
-Իհարկե կարելի շարունակել նեղացածի կեցվածքը։ Այն, ինչ կատարվում է Ադրբեջանում` այդ հակահայկական քարոզչությունը, ամենից շատ իրենց է վնասում։ Կան ադրբեջանցի մտավորականներ, ովքեր այդպես են մտածում, բայց նրանք, ցավոք, Ադրբեջանում չեն ապրում։ Ընդհանրապես, հասարակությանը մեկ գույնով ներկելը սխալ է, նորմալ մարդը հասկանում է, եթե դու քարոզում ես ատելություն ինչ-որ մի ազգի հանդեպ` այդ ատելությունը կմնա քո սրտի մեջ։ Մենք էլ ենք անցել դա, այնպես չէ, որ մենք հրեշտակ ենք։
-Բայց մեր մանկապարտեզներում չի սերմանվում ատելություն հարևանի հանդեպ։ Պետական մակարդակով դա երբևիցե չի արվել։
–Կենցաղային մակարդակով, ՀԿ-ների, գործիչների միջոցով, այդ դիրքորոշումը պահպանել են, հատկապես ասելով՝ անհույս է որևէ երկխոսություն։ Անհույս որևէ բան չկա։ Կարող եմ բերել բազմաթիվ ժողովուրների օրինակներ, որոնք հարյուրամյակներ շարունակ մորթել են իրար, այսօր մոտիկ հարևաններ, հարազատներ, բարեկամներ են։ Ես մտածում եմ ապագայի մասին, որը, միգուցե, ես չտեսնեմ, բայց երկիրը պետք է լինի ժամանակակից զարգացած։
Եվ այս երկրում երիտասարդները պետք է ուզեն ապրել, կարիերա և ընտանիք ստեղծել, այլ ոչ թե գնան այս երկրից, տարին մեկ անգամ դուրս գան այն երկրի դեսպանատան առջև, որտեղ ապրում են և բարձրաձայնեն պահանջատիրական լոզունգներ, հետո գան այստեղ միայն հանգստանալու և թաղվելու։ Հարկավոր է ապրել։ Հայրենասիրությունը դա գործողություն է։ Երբ մենք ասում ենք ազգային, դա առաջին հերթին այն է, ինչը կրում է որակ։ Անորակը չի կարող կոչվել ազգային, անորակը վարկաբեկում է ազգայինը։
-Առհասարակ խաղաղության դարաշրջանի համատեքստում հարևանների հետ մշակութային համագործակցություն որևէ ոլորտում հնարավոր համարո՞ւմ եք։
-Բարդ է, դժվար է։ Բայց երբ ես ասում եմ, տարբեր ոլորտների երիտասարդ մասնագետները պետք է կարողանան իրար հետ շատ ավելի լավ լեզու գտնել, ասեմ, որ գտնում են, բայց մեր երկու երկրների սահմաններից դուրս։ «Ճակատագրի խաչ», «հայի բախտ» հասկացողություններ չեմ ընդունում։ Մենք ինքներս ենք մեր ճակատագիրը որոշում` հաճախակի ընդունելով շատ դժվար որոշումներ։
Բայց ամենակարևորը` մենք պետք է զգանք ժամանակի զարկերակը։ Ժամանակը նույնը չէ, ինչ-որ 100, 200 տարի առաջ։ Ժամանակը հնարավոր չէ կանգնեցնել։ Բոլոր նման փորձերը բերում են նրան, որ ժամանակը քեզ պարզապես շպրտում է ճանապարհից, ասում է՝ մի՛ խանգարի, ես գնում եմ առաջ, գալիս ես, հետս արի, չես գալիս՝ մնա այնտեղ, բայց դու կմնաս ժամանակից դուրս` քո տառապանքներով, ողբերգություններով, քո անհեռատեսությամբ։
–ԿԳՄՍ նախարարությունն անվանում եք «սուպերնախարարություն» և, ըստ էության, մեծ ակնկալիքներ չունեք նման միավորումից։ Նախարարների փոփոխությունից սպասումներ ունե՞ք, թե պետք է լինի համակարգային, գործառութային փոփոխություն։
-Երբ խոսում էի «սուպերնախարարության» մասին, նկատի ունեի համակարգը։ Նախորդ նախարարին, որին շատ լավ եմ վերաբերվել, գիտնական մարդ էր, հանդիպման առաջին օրը ասացի` ես դեմ եմ ոչ թե Ձեր նշանակմանը, այլ այդ կառույցին։ Ես համարում եմ, որ դա «մոնստր» կառույց է։ Այդ ճանապարհով անցել են բազմաթիվ երկրներ և եկել եզրակացության, որ դրանց միավորումը սխալ է։ Մոտ մեկ տարի առաջ Վրաստանը հրաժարվեց։ Եթե չեմ սխալվում, այսօր կա երկու երկիր, որտեղ միացված են 4 ուղությունները` Մոնղոլիան և մենք։
Շատ հաճախակի թվում է, որ կառույցը մի կենտրոնից ղեկավարելը կբերի լավ արդյունքների։ Կյանքը ցույց տվեց, որ դա այդպես չէ։ Ազատությունը պահանջում է դեցենտրալիզացիա։ Ամենահանճարեղ մարդը չի կարող այդ մեծ ոլորտը իր մեջ կրել և ամբողջովին պատասխան տալ։ Կարծում եմ` ուշ թե շուտ գալու ենք դրան, բայց ինչու ուշ, եթե կարելի է շուտ։
-Եթե Ձեզ առաջարկեն ստանձնել մշակույթի նախարարի պաշտոնը, կհամաձայնվե՞ք` հաշվի առնելով, որ ունեք նաև վարչարարական փորձ։
-Երբեք, ես հո աննորմալ չեմ (ծիծաղում է)։ Վարչարարական փորձը խանգարեց իմ ստեղծագործական աշխատանքին, ես թատրոնի տնօրեն դարձա ստիպողաբար, թատրոնն ամբողջովին կքանդվեր, եթե այդ քայլը չձեռնարկեի։ Հեշտ եմ հրաժարվում պաշտոններից, հիմա տնօրեն չեմ։ Վերջերս հրաժարվել եմ ամբիոնի վարիչի պաշտոնից, այն դարձել է չափից շատ ադմինիստրատիվ։ Մեծ հաճույք եմ ստանում ստեղծագործական աշխատանքից, ուսանողների հետ շփվելուց։ Ես ամեն օր նվեր եմ ստանում՝ յուրաքանչուր կյանքի օրը։ Մարդ, որ ամեն օր նվեր է ստանում, երջանիկ մարդ է։