Մակրոնը հայտարարել Է, որ Ֆրանսիան մտադիր է զրահամեքենաներ ուղարկել Ուկրաինա

Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահները
Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր Ուկրաինային վեց հաուբից և երկու ՀՕՊ համակարգ մատակարարելու մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը Կիևին AMX-10RC զրահամեքենաներ կամ անվավոր տանկեր կմատակարարի։ Այս մասին հայտնում է «France-Presse» գործակալությունը` հղում անելով Ելիսեյան պալատին։
«Նախագահը ցանկանում է ավելացնել Կիևին արդեն տրամադրված ռազմական օգնությունը և համաձայնել է AMX-10 RC թեթև մարտական տանկերի մատակարարմանը»,- հայտարարել են Ֆրանսիայի նախագահի վարչակազմում:
Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Փարիզը վերջերս Ուկրաինային վեց 155 միլիմետրանոց TRF1 քարշակվող հաուբից և երկու «Crotale» հակաօդային պաշտպանության համակարգ է ուղարկել: Հաղորդվում էր նաև, որ Ուկրաինան Ֆրանսիայից արդեն ստացել է 18 CAESAR հրետանային կայանք: Մակրոնն ասել էր, որ Ֆրանսիան Դանիայի հետ աշխատում է Ուկրաինային ևս վեց CAESAR հաուբիցներ մատակարարելու ուղղությամբ։ Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնում էին, որ Ուկրաինա են ուղարկվել «Միստրալ» և «Միլան» շարժական հակատանկային հրթիռային համալիրներ, մոտ 60 զրահափոխադրիչ և HDP-2A2 հակատանկային ականներ։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 313-րդ օրը։