ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ կանցկացնի Տաճարի լեռան շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Նիստի անցկացման խնդրանքով դիմել են Չինաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Երուսաղեմում Տաճարի լեռան շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԱԽ նիստը կմեկնարկի հունվարի 5-ին, հայաստանյան ժամանակով ուղիղ կեսգիշերին։
Նիստը գումարվել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար, «Հրեական ուժ» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Իթամար Բեն Գվիրի` Տաճարի լեռ այցից հետո։ Դա այն վայրն է, որտեղ գտնվում է Ալ–Աքսա մզկիթների համալիրը։
Նշվում է, որ Չինաստանն ու Արաբական Միացյալ Էմիրություններն են խնդրել նիստ գումարել։
Բախումներ Ալ-Աքսա մզկիթում. տուժածների թիվը գերազանցում է 100-ը
Հիշեցնենք` հունվարի 3-ի առավոտյան իսրայելցի նախարար Իթամար Բեն Գվիրն այցելել էր Երուսաղեմի Տաճարի լեռ, որտեղ գտնվում է Ալ Աքսա մզկիթների համալիրը։ Սա լուրջ դժգոհություն էր առաջացրել պաղեստինցիների շրջանում:
Նրա քայլը քննադատել էին նաև արաբական երկրները, այդ թվում՝ Հորդանանը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն։ Նրանք նշել էին, որ ամբողջ աշխարհի մահմեդականների համար սուրբ վայր այցելելը լարվածություն կառաջացնի ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: