ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Սիսիան համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունները կանցկացվեն 2023 թվականի մարտի 26-ին։ Նման որոշում է կայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում, տեղեկանում ենք ԿԸՀ կայքից։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կներկայացվեն 2023 թվականի փետրվարի 9-ից մինչև փետրվարի 19-ի ժամը 18:00-ն:
Հիշեցնենք` 2022–ի սեպտեմբերի 25-ին Սիսիանում անցկացված ընտրություններում ավագանու կազմ էին անցել «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան», «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Հոկտեմբերի 12-ին նորընտիր ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար էր ընտրվել ՔՊ ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը:
Հոկտեմբերի 15-ին և 18-ին նշանակված ավագանու արտահերթ նիստերը՝ համայնքի ղեկավարի երդման արարողություն անցկացնելու օրակարգով, քվորում չլինելու պատճառով չէին կայացել, և Արմեն Հակոբջանյանը չէր ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները: Ավելի ուշ ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները հրաժարվել էին մանդատներից, ու Սիսիանի ավագանու 21 անդամներից ավագանու կազմում մնացել էին միայն ՔՊ–ի 10 անդամները, որոնք չէին կարող քվորում ապահովել ու նիստ անցկացնել:
Դեկտեմբերի 14-ին Սիսիանի ղեկավար ընտրված, բայց իր լիազորություններն այդպես էլ չստանձնած Արմեն Հակոբջանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 29-ին որոշեց դադարեցնել Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները, իսկ դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Հակոբջանյանը նշանակվել էր Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: