Եկեք անկեղծ լինենք։ Ղազախստանը ժամանակին փորձում էր նպաստել Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Շատերը հիմա իհարկե չեն էլ հիշում, որ ավելի քան երեսուն տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերին, Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևը Բորիս Ելցինի հետ այցելեց Բաքու, Ստեփանակերտ և Երևան, ինչից հետո Ժելեզնովոդսկ քաղաքում ստորագրվեց կոմյունիկե, որի նպատակն էր պայմաններ ստեղծել բանակցային գործընթաց սկսելու համար։
Ճիշտ է, դա խորհրդային տերության պաշտոնական լուծարումից առաջ էր, այսպես կոչված՝ Ժելեզնովոդսկի գործընթացն էլ որևէ շոշափելի արդյունք չտվեց։ Եվ փաստն այն է, որ Ղազախստանը դրանից հետո համալրեց այն երկրների շարքը, որոնք, ինչպես մի քանի օր առաջ իր ամանորյա ուղերձում իրավացիորեն արձանագրեց Հայաստանի վարչապետը, «նախընտրեցին մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում կամ որպես այլընտրանք առաջարկելով ակտիվ դիտորդի կարգավիճակը»: Ափսոս։
Չէ՞ որ, երբ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2022-ի հունվարին, Ղազախստանը օգնություն խնդրեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ երկրում կարգ ու կանոնի վերականգնման համար, Հայաստանն առանց տատանվելու անմիջապես արձագանքեց և մոտ 70 զինծառայող ուղարկեց Ղազախստան։ Երևի հիշում եք՝ մի քանի օրից այնտեղ ամեն ինչ ավարտվեց, և մեր տղաները բարեհաջող վերադարձան տուն։ Բայց համաձայնե՛ք, այս ամենի հետ կապված մի շատ հետաքրքիր ու տարօրինակ հանգամանք կա՝ սովորաբար թույլն է օգնության կանչում ուժեղին, իսկ այս դեպքում տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Դատեք ինքներդ։
Պարզապես թույլ տվեք վկայակոչել Եվրասիական տնտեսական միության կառավարող մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այն ժամանակվա տվյալները։ Հայաստանում 2022 թվականի հունվարին միջին ամսական աշխատավարձը 400 դոլարի էլ չէր հասնում, այնինչ, Ղազախստանում այն կազմում էր գրեթե 570 դոլար։ Ընդ որում, եթե Հայաստանում այդ միջին աշխատավարձը նախորդ տարվա համեմատ նվազել էր, ապա Ղազախստանում այն աճել էր համարյա 9 տոկոսով, իսկ գնաճը մեր երկու հանրապետություններում նույնն էր։ Դե հիմա կարո՞ղ եք քիչ թե շատ հիմնավոր բացատրել՝ ինչո՞ւ մեզ մոտ անընդհատ հնչեցվում է վարչապետին և նրա թիմին հեռացնելու հարցը, բայց ոչ մի անգամ զանգվածային ցույցերի պատճառ չեն դարձել սոցիալական և տնտեսական խնդիրները։ Իսկ մեզնից ակնհայտորեն ավելի լավ վիճակում գտնվող ղազախստանցիներն անմիջապես ընդվզեցին՝ հենց որ անցած տարվա հունվարի 1-ից բարձրացվեցին հեղուկ գազի սակագները։ Ուղղակի պատրվա՞կ էր։
Այո՛, բազմաթիվ վերլուծաբաններ նույնպես համոզված են, որ պարզապես այդպես արտահայտվեց համընդհանուր դժգոհությունը, որը տարիներով էր կուտակվում։ Ու տեսեք, թե ինչ կատարվեց՝ փողոցային խժդժությունների հետևանքները Ղազախստանում ողբերգական էին. վերջին տվյալներով, զոհվել է մոտ 240 մարդ, հազարից ավելի ցուցարարներ են վիրավորվել, ձերբակալվածների թիվը գերազանցել է 10 հազարը։ Երբ միջազգային կազմակերպությունները հորդորել են նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին լեզու գտնել ցուցարարների հետ, նա զայրացել է. «Ի՞նչ, դուք կոչ եք անում ինձ բանակցե՞լ ահաբեկիչների հետ այն դեպքում, երբ ինքներդ երբեք նման բան չեք անում»։ Ու, ԲիԲիՍի-ի վկայությամբ, հրամայել է մարտական փամփուշտներով կրակել անկարգությունների մասնակիցների վրա։
Եվ այսքանից հետո Տոկաևը շռնդալից հաղթանակ է տարել նոյեմբերին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում։ Նրա օգտին, ըստ պաշտոնական տվյալների, քվեարկել է ընտրողների ավելի քան 80 տոկոսը։ Չեմ կարծում, թե Հայաստանում սա ինչ-որ մեկին զարմացրել է. մենք էլ մեր սեփական՝ հետպատերազմյան արտահերթ ընտրությունների փորձն ունենք։ Ավելին, ինչպես Հայաստանի իշխանություններն են արդեն ավանդաբար ամեն ինչի մեղքը բարդում այսպես կոչված «նախկինների» վրա, այնպես էլ Ղազախստանում դժգոհության սլաքն ուղղվեց նախկին նախագահի և նրա նշանակած պաշտոնյաների կողմը։ Ու փաստորեն, ոչինչ չփոխվեց։ Ինչո՞ւ։
Բրիտանացի լրագրող Ջոանա Լիլիսը այդ հարցին այսպես է պատասխանում. «Մինչև մենք Ղազախստանում չտեսնենք ընդդիմություն, որն իսկապես քննադատում է նախագահին և պատասխանատու վերաբերմունք է պահանջում իշխանություններից, դժվար թե որևէ բան փոխվի»։ Ճիշտն ասած, բրիտանացի իմ գործընկերոջ այս կարծիքը լսելուց հետո ցանկություն է առաջանում մի տրամաբանական հարց ուղղել նրան. «Հայաստանում ընդդիմությունն օրուգիշեր քննադատում է երկրի ղեկավարին և պատասխանատու վերաբերմունք է պահանջում իշխանություններից։ Կներեք, բա ինչո՞ւ մեզ մոտ էլ բացարձակ ոչինչ չի փոխվում»։