Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործը Հակակոռուպցիոն դատարանում է

Արուսյակ Ալեքսանյան
Դատավոր Ալեքսանյանը շարունակում է կալանքի տակ մնալ, իսկ փաստաբանը մոտ մեկ ամիս առաջ է ազատ արձակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թ. Հ.-ի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Հունվարի 3-ին հսկող դատախազի որոշմամբ հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ միասին ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դատավորը կատարել է ապօրինի գործողություններ՝ ակնհայտ անարդար որոշում կայացնելով եղբոր ընկերոջը կալանքից ազատելու մասին: Խոսքը վերաբերում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալին։
«Իր հանցավոր նպատակին հասնելու համար դատավորը նախնական համաձայնության է եկել իր օգնականի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի՝ ինքնությունը դեռևս չպարզված պաշտոնատար անձի հետ, իր մտերիմ փաստաբանի օժանդակությամբ, դուրս է եկել իր՝ արդարադատության իրականացման իշխանական բացառիկ լիազորությունների շրջանակից, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք, ինչպես նաև օգնականի օժանդակությամբ կայացրել է ակնհայտ անարդար դատական ակտ՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխարինելով գրավով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դատախազը որոշում է կայացրել հանրային քրեական հետապնդում հարուցել դատավորի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից այլ պաշտոնատար անձի հետ նախնական համաձայնությամբ ծառայողական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք), 482-րդ հոդվածի 1-ին մասով (ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելը), դատավորի օգնականի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից մեկ այլ պաշտոնատար անձի հետ նախնական համաձայնությամբ ծառայողական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք), 46-482-րդ հոդվածի 1-ին մասով (ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելուն օժանդակելը:
Քրեական հետապնդում է հարուցվել նաև փաստաբանի նկատմամբ ՔՕ 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից մեկ այլ պաշտոնատար անձի հետ նախնական համաձայնությամբ ծառայողական լիազորություններն անցնելուն օժանդակելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք):
Դատավորին, դատավորի օգնականին և փաստաբանին ներկայացվել է մեղադրանք։
Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր հոկտեմբեր 19–ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։
Նույն գործի շրջանակներում հոկտեմբերի 21–ին կալանավորվել է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Երեկ, սակայն, դեկտեմբերի 16–ին, դատարանը մերժել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու մասին միջնորդությունը։
Հավելենք, որ դատավորի (Արուսյակ Ալեքսանյանի) օգնականը, որը նույնպես ձերբակալվել էր, ապա կալանավորվել, ազատ է արձակվել գրավի դիմաց: