ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կրկին կոչ է արել Չինաստանի իշխանությանն ավելի օպերատիվ կերպով փոխանցել երկրում կորոնավիրուսային իրադրության մասին տվյալները: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք խնդրում ենք Չինաստանին ավելի օպերատիվ, կանոնավոր, հավաստի տվյալներ տրամադրել հոսպիտալացման և մահերի մասին», - ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀԿ ղեկավարը:
Նրա խոսքով՝ կազմակերպությունը մտահոգված է Չինաստանում տիրող իրավիճակով ու հիշեցրել է կորոնավիրուսի ծանր ձևերից և մահացու ելքերից պաշտպանվելու համար պատվաստման, այդ թվում՝ բուստերների նշանակության մասին:
2022 թվականի դեկտեմբերի սկզբից Չինաստանի իշխանությունն աստիճանաբար թուլացնում է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցառումները։ Հունվարի 8-ից կչեղարկվի պարտադիր ՊՇՌ թեստավորումը երկիր մուտք գործողների համար և կենտրոնացված մեկուսացումը Չինաստան ժամանողների համար։ Միաժամանակ երկրում COVID-19-ով հիվանդացության աճ է նկատվում, այդ ֆոնին մի շարք պետություններ որոշել են խստացնել միջոցառումները ՉԺՀ-ից ժամանող ուղևորների համար։