Ստեփանակերտում կայացել է ռուսական խաղաղապահ զորախմբի և կամավորների «Ցանկությունների տոնածառ» համատեղ ակցիան։
Այս մասին հայտնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի տելեգրամյան ալիքը:
Ամանորյա տոների առթիվ Լեռնային Ղարաբաղի ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շնորհավորել են երեխաներին և նրանց հանձնել բացիկներ, գրքեր և երկար սպասված նվերներ։
Նշենք, որ ակցիան մեկնարկել է դեկտեմբերի 8-ին։ Այս ընթացքում մանկատան սաները նամակներ են գրել Վելիկի Ուստյուգում գտնվող Ձմեռ պապին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։