ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի– Sputnik. ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մրգավետի վարչական ղեկավար Գագիկ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել կեղծ դիպլոմ ձեռք բերելու և օգտագործելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նախաքննությամբ փաստական տվյալներ են հավաքվել այն մասին, որ Սարգսյանը ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության Կ.Ա.Տիմիրյազևի անվան ՄԳՏԱ-Ռուսաստանի պետական ագրարային համալսարանի դիպլոմ: Այնուհետև փաստաթղթաշրջանառության մեջ դնելով՝ նա կեղծ դիպլոմը ներկայացրել է Արտաշատ համայնքի ղեկավարին և վերջինիս 2021 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ նշանակվել ու մինչ օրս հանդիսանում է Մրգավետ բնակավայրի վարչական ղեկավար:
Քննությամբ պարզվել է, որ Սարգսյանը չի ուսանել նշված կրթական հաստատությունում և նրա անձնական գործերում եղած համապատասխան սերիայի դիպլոմ նշված բուհի կողմից չի տրվել:
Վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին միջնորդություն է ներկայացվել Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:
Դրա հիման վրա վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) նախատեսված հանցավոր արարքը կատարելու համար։
Որոշում է կայացվել Սարգսյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել պաշտոնավարման կասեցումը, որն ուղարկվել է հսկող դատախազին՝ համաձայնություն ստանալու համար:
Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է ՀՀ-ից բացակայելու արգելքը:
Նախաքննությունը շարունակվում է: