ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Ուկրաինացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի հետ փոխանակված ուկրաինական «Ազով» ազգայնական գումարտակի հինգ հրամանատարները մինչ օրս շարունակում են մնալ Թուրքիայում։ Տեղեկությունը հայտնում է Hurriyet թերթը` հղում անելով թուրքական աղբյուրներին։
Սեպտեմբերին Ուկրաինայի հետ գերիների փոխանակման արդյունքում ազատ էր արձակվել 56 մարդ, որոնցից55-ը զինծառայողներ են։ 56-րդ փոխանակվածը Մեդվեդչուկն էր։ Փոխանակման մասին հայտնել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այն ժամանակ Ուկրաինային էր փոխանցվել 215 մարդ։
Պարբերականի թղթակիցը նշում է, որ բանակցություններն ընթացել են Անկարայում` Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) շտաբում։
«ՌԴ-ն փոխանակման օրը պահանջ է ներկայացրել, որպեսզի «Ազովի» պարագլուխները մնան Թուրքիայում, Ուկրաինան համաձայնել է»,-գրում է թերթը։
Նրա տեղեկություններով`փոխանակման օրը ռուսական և ուկրաինական ինքնաթիռները վայրէջք են կատարել Անկարայի Էսենբողա օդանավակայանում, ուկրաինական ինքնաթիռում եղել է Մեդվեդչուկը, իսկ ռուսականում` հինգ «ազովցիներ»:
«Վայրէջքից հետո ուկրաինացիները բարձրացել են ռուսական ինքնաթիռ, իսկ ռուսները` ուկրաինական, որպեսզի ստուգեն ինքնաթիռում գտնվողների ինքնությունն ու առողջական վիճակը»,-գրում է պարբերականը։
Թերթը նշում է, որ փոխանակումը տեղի է ունեցել առանց խնդիրների, օդանավակայանում թուրքական հետախուզության ներկայացուցիչների ներկայությամբ։