ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի– Sputnik. Այս տարվա Ամանորը շատ հայաստանցիներ նախընտրել են դիմավորել Եգիպտոսում կամ Արաբական Միացյալ Էմիրություններում, սակայն նախընտրելի եռյակը գլխավորում է Վրաստանը: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Գյումրի տուր» տուրիստական ընկերության տնօրեն Գոռ Թորոսյանը։
«Հայաստանից հասնել Թբիլիսի՝ ներառյալ ճանապարհածախսը, չորս-հինգ օրվա գիշերակացը չորսաստղանի հյուրանոցներում՝ ամանորյա շքեղ գալա համերգով ու գալա ընթրիքով, շոու ծրագրերով ու եռօրյա տուրերով, շատ ավելի մատչելի էին, քան Հայաստանում հյուրանոցների եռօրյա արժեքը, որի մեջ մտնում էր միայն գալա ընթրիքը»,-նշում է նա։
Նա նշեց, որ Վրաստանում 4–աստղանի հյուրանոցներում 5 օրվա ամանորյա հանգիստը մեկ անձի համար տատանվում էր 250-300, իսկ Հայաստանում՝ 600-800 ԱՄՆ դոլարի սահմաններում:
«Գյումրի տուր» տուրիստական ընկերության տնօրեն Գոռ Թորոսյան
© Photo : provided by Gor Torosyan
Տուրիստական ընկերության տնօրենի խոսքով` դեպի Վրաստան առաջինը սպառվել են VIP փաթեթները։ Ի դեպ, Վրաստանում 600-800 դոլար են արժեցել լյուքս համարները հինգաստղանի հյուրանոցներում։ Այդպիսի տոմսերը վաճառվել են դեռ նոյեմբերի սկզբին` մի քանի օրում։ Դրանից հետո սպառվել են նաև էկոնոմ փաթեթները:
Վրաստանում Ամանորն անցկացնելու ցանկությունն, ըստ ոլորտի ներկայացուցչի, պայմանավորված է նաև նրանով, որ ամանօրյա տոնական օրերի թիվը կրճատվել է, և նրանց համար, ովքեր նախընտրում են տոները երկրից դուրս անցկացնել, մեր հարևան երկիրը հարմար է ոչ միայն գումարի, այլև ժամանակի խնայողության տեսանկյունից։
«Ու երբ արդեն առաջարկները սպառվեցին, մարդիկ փորձում էին Բաթում, Բորժոմ, Բակուրիան կամ Մցխեթա տարբերակներն ընդունել: Իսկ ովքեր ցանկություն հայտնեցին մեկնել դեկտեմբերի վերջին օրերին, չկարողացան գնալ փաթեթների սպառման պատճառով»,-նշում է Գոռ Թորոսյանը` հավելելով, որ միայն իրենց ընկերությունն ութսուն փաթեթ է մերժել:
Փողոց Թբիլիսիում
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Թբիլիսիի Սայաթ–Նովա փողոցում գտնվող հյուրատան տնօրեն տիկին Մանանան Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ տարիներ առաջ ավելի շատ հյուրընկալում էին թուրքերի ու ադրբեջանցիների, Covid–ից հետո նրանց հոսքը համեմատաբար նվազել է ռուսների ու ուկրաինացիների հաշվին:
«Իսկ այս տարի հայերն են շատ: Ընդհանուր առմամբ` զբոսաշրջիկի պակաս երբեք չենք ունեցել, բայց այս տարի դեռ 1-2 ամիս առաջին էին հայ զբոսաշրջիկները տներ ամրագրում»,-ասաց տիկին Մանանը:
Հավելենք, որ մինչ Հայաստանի զբոսաշրջային կոմիտեն կուսումնասիրի տոնական օրերին տուրիստների հոսքը Թբիլիսի, տուրօպերատորներն արդեն վստահեցնում են՝ այս տարի, անցած չորս տարիների համեմատ, Վրաստանն ընտրած զբոսաշրջիկներրի թիվը 4–5 անգամ մեծ էր:
Թբիլիսի
© Sputnik / Armenuhi Mkhoyan