ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի– Sputnik. Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հունվարի 21-ից սկսում է թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի միջև շաբաթական չորս չվերթ կիրականացվի:
Երևանից Մոսկվա թռիչքները կիրականացվեն երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին։ Հակառակ ուղղությամբ թռիչքներ կիրականացնեն երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։
Նշենք, որ Fly Arna-ն թռիչքներ է իրականացնում նաև Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան, Շարմ էլ-Շեյխ, Հուրգադա, Սոչի և Թբիլիսի:
Հիշեցնենք, որ Fly Arna-ն հայկական ազգային ավիափոխադրողն է` Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: