Երևանում առաջին անգամ կանցկացվի «Հայոց սուրբ ծնունդ» խորագրով հոգևոր-դասական համերգ

Համերգի ընթացքում ելույթ կունենան ճանաչված օպերային երգիչներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի– Sputnik. Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ Երևանում առաջին անգամ կանցկացվի հոգևոր-դասական համերգ։ Տեղեկությունը հայտնում են միջոցառման կազմակերպիչները։
«Հունվարի 6-ին՝ 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի կունենա «Հայոց սուրբ ծնունդ» հոգևոր-դասական համերգը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կկատարեն հայկական հոգևոր երգեր, ինչպես նաև սուրբծննդյան ավանդական երգեր, կհնչեն աշխարհահռչակ դասականների` Բախի, Մոցարտի, Հենդելի, Ադամի, Շտրաուսի, Չայկովսկու, Գունոյի հայտնի ստեղծագործություններ:
Դիրիժորներ` Վահագն Պապյան և Հովհաննես Չեքիջյան։