ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի– Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն այցելել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Գորիսի հյուրանոցներում գտնվող Արցախի բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նախարարի տեղակալը հետաքրքրվել է նրանց կարիքների լուծման ընթացքով:
Փոխնախարարը նաև այցելել է Գորիսի բժշկական կենտրոն, հանդիպում ունեցել բուժանձնակազմի հետ, քննարկել բուժօգնության կազմակերպման հարցեր:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։