ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Արցախի բնակչության առաջնային կարիքների ապահովման համար պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակների մատակարարում կիրականացվի խանութներին: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Արցախյան խանութնորից մեկի ցուցափեղկը
© Sputnik
Նշվում է, որ այսօր Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի ունեցած նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության և առաջնային կարիքների ապահովմանը վերաբերող հարցեր:
Պետնախարարին զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաների ընթացիկ իրավիճակը, ներկայացվել են խնդիրները:
«Պետնախարարը կարևորել է ապրանքատեսակների համաչափ բաշխումը, որպեսզի բնակչությունը հնարավորություն ունենա դրանք ձեռք բերել բոլոր խանութներից»,–նշված է հայտարարության մեջ։
Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է Օպերատիվ շտաբի մի խումբ անդամների, ԱԺ ժողովի պատգամավորների հետ միասին, հանդիպումներ ունենալ շրջաններում և համայնքներում և բնակչությանը տեղեկացնել իրավիճակի, Արցախի իշխանությունների և Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող քայլերի ու ձեռնարկվող միջոցառումների մասին:
Արցախյան խանութնորից մեկի ցուցափեղկը
© Sputnik
«Կարևոր է, որպեսզի բնակչությունը հենց առաջին ձեռքից իմանա թե՛ իրավիճակի, թե՛ կատարվող աշխատանքների մասին: Դա կօգնի նրանց ավելի լավ հասկանալ իրավիճակը և, անհրաժեշտության դեպքում, մասնակից լինել խնդիրների լուծմանը, ինչպես նաև տուրք չտալ ադրբեջանական ապատեղեկատվությանը»,-ընդգծել է Վարդանյանը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։