Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն կկատարեն պարտավորությունները․ Էրդողանի ներկայացուցիչ

Իբրահիմ Քալըն
Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը վստահեցրել է, որ իրենք շարունակելու են ահաբեկչության դեմ պայքարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կկատարեն Սիրիայի հետ սահմանին անվտանգություն ապահովելու պարտավորությունները։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
ՌԴ-ն և Թուրքիան 2019 թվականի հոկտեմբերին 10 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, ըստ որի` թուրք–սիրիական սահմանի սիրիական կողմում («Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության տարածքից դուրս) պետք է ռուսական ռազմական ոստիկանության ու սիրիական սահմանապահ ծառայության ստորաբաժանումներ տեղակայվեին և աջակցեին քրդական ջոկատների ու նրանց սպառազինության դուրսբերմանը սահմանից 30 կմ հեռավորության վրա։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այն ժամանակ հայտարարեց, որ քրդերի դուրսբերումը ժամանակից շուտ է կատարվել։ Դրանից հետո սկսվեց ռուս-թուրքական համատեղ պարեկությունը։
«Մենք վերահաստատում ենք մեր ակնկալիքները, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կկատարեն 2019 թվականի համաձայնագրերից բխող իրենց պարտավորությունները և կմաքրեն մեր սահմանները ահաբեկչությունից։ Մեր պայքարն ահաբեկչական տարրերի դեմ, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր ազգային անվտանգության համար, վճռականորեն կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկիրը և սահմանամերձ տարածաշրջանը լիովին անվտանգ չեն»,- ասել է Քալընը NTV հեռուստաալիքին։
Մեկնաբանելով Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները` Էրդողանի ներկայացուցիչն ասել է, որ ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը շարունակում է ազդել երկու երկրների հարաբերությունների վրա։
«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն կգործի դաշինքի ոգուն համապատասխան և լրջորեն կվերաբերվի Թուրքիայի անվտանգության խնդիրներին»,- նշել է Քալընը՝ հավելելով, որ Անկարան չի ընդունի քաղաքականության միակողմանի պարտադրումը, որտեղից էլ այն լինի։
Դամասկոսը բազմիցս հայտարարել է, որ անօրինական է համարում թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում, և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։ Ամերիկյան զինվորականների աջակցությամբ ձևավորված «Սիրիական ժողովրդավարական ուժերը» վերահսկում են սիրիական Էլ Հասաքե և Ռաքքա նահանգների մեծ մասը, ինչպես նաև Հալեպի և Դեր Զորի որոշ բնակավայրեր։ Մասնավորապես նրանց վերահսկողության տակ են գտնվում Ալ Հասաքա և Քամիշլի քաղաքների թաղամասերի մեծ մասը։
Էրդողանն ասել է` արդյոք Թուրքիայի ԶՈւ-ն ցամաքային գործողություն կիրականացնի Սիրիայում