Կոսովոն սրում է իրավիճակը ԱՄՆ–ի և ԵՄ–ի աջակցությամբ. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
Կոսովոն ավելացնում է պաշտպանական ծախսերն ու իր զինվորների և պահեստազորի քանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Չճանաչված Կոսովոյի «իշխանությունները» միտված են էսկալացիայի, Արևմուտքի երկրները պետք է ճնշում գործադրեն Պրիշտինայի վրա և ստիպեն նրան հրաժարվել ռազմատենչ ծրագրերից, կատարել պարտավորությունները։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
Ինքնահռչակ հանրապետության «վարչապետ» Ալբին Կուրտին ավելի վաղ «Die Welt»–ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Կոսովոյում ուզում են ՆԱՏՕ–ի զինվորների թվաքանակն ավելացնել հանուն Արևմտյան Բալկանների ամբողջ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման։ Նրա խոսքով` Կոսովոն այս պահին ավելացնում է պաշտպանական ծախսերն ու իր զինվորների և պահեստազորի քանակը։
«Մեծ տագնապով հետևում ենք Կոսովոյում և նրա շուրջ իրավիճակի զարգացմանը։ Տեսնում ենք, որ Կոսովոյի «իշխանությունը» սրացման է գնում, միևնույն ժամանակ ակնհայտ է, որ նրանք հենվում են իրենց համակարգողների, նախևառաջ ԵՄ–ի և Վաշինգտոնի բաց և քողարկված աջակցության վրա», – ասել է Գրուշկոն։
Փոխնախարարի խոսքով` բոլոր նրանք, ովքեր ազդում են Կոսովոյի վարքագծի վրա, պետք է ճնշում գործադրեն քաղաքական լուծում գտնելու համար։
«Նախևառաջ ստիպեն Պրիշտինային հրաժարվել ռազմատենչ ծրագրերից, որոնք հղի են Բալկաններում իրավիճակի ապակայունացմամբ, և կատարել նախկինում ստանձնած բոլոր պարտավորությունները, որոնք բխում են նաև բրյուսելյան համաձայնագրից, որը որպես Կոսովոյի խնդրի լուծման հիմնական բաղադրիչ նախատեսում է սերբական տեղական ինքնակառավարման մարմինների միության ստեղծում», – եզրափակել է Գրուշկոն։
Հիշեցնենք` իրավիճակը տարածաշրջանում կտրուկ սրվեց, երբ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունը դեկտեմբերին հյուսիսում մի քանի ոստիկանի ձերբակալեց 1998-1999թթ. հակամարտության ժամանակ ռազմական հանցագործությունների և ահաբեկչության կասկածանքով: Դրան ի պատասխան Կոսովոյի սերբերը դեկտեմբերի 10-ին բարիկադներ կառուցեցին։
ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելությունը Բելգրադին և Պրիշտինային կոչ արեցին անհապաղ թուլացնել իրադրությունը։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ցուցարարներին հորդորեց քանդել բարիկադները։
Դեկտեմբերի 29-ին սերբերը սկսեցին ապամոնտաժել բարիկադները։
Սերբիայի կառավարությանն առընթեր Կոսովոյի և Մետոխիայի հարցերով գրասենյակի տնօրեն Պետար Պետկովիչը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն երաշխավորել են, որ Կոսովոյի հյուսիսում բողոքի ցույցերի մասնակիցներից ոչ մեկին չեն հետապնդի և չեն ձերբակալի։
ԵՄ 27 երկրներից Կոսովոյի անկախությունը չեն ճանաչում Իսպանիան, Հունաստանի, Կիպրոսը, Սլովակիան և Ռումինիան։