ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հայտարարել է, որ Իսրայելի նոր կառավարությունը վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ Ուկրաինայի մասին ավելի քիչ բաց կխոսի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Haaretz»–ին։
Քոհենը հրաժարվել է մեկնաբանել Կիևի` զենք տրամադրելու պահանջը, սակայն նշել է, որ Իսրայելի կշարունակի մարդասիրական օգնություն ուղարկել Ուկրաինա։
Նա ասել է, որ մտադիր է զրուցել ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ։ Ըստ «Times of Israel»–ի` զրույցը կարող է տեղի ունենալ հունվարի 3-ին։
Իսրայելի նոր կառավարությունը «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ երդում տվեց դեկտեմբերի 29-ին։ Դրանից մեկ օր առաջ «Լիկուդը» և «Յախադուտ խա–Տորա» ուղղադավան կուսակցությունը եզրափակիչ կոալիցիոն համաձայնագիր ստորագրեցին։ Ավելի ուշ համաձայնագրի ստորագրման մասին հայտնեց Կրոնական սիոնիստների կուսակցությունը, ինչպես նաև «Շասը», «Հրեական ուժը» և «Նոամը»։ Նեթանյահուն Իսրայելի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է նաև 1996-1999 և 2009-2021 թվականներին։