Ինչ վերաբերում է ԳՀՀԾ–ի բանակցությունների ավարտին, գնդակն Արևմուտքի դաշտում է. Իրանի ԱԳՆ

Նասեր Քանաանի
Կոնսենսուս է ձեռք բերվել, որ պետք է շարունակեն ԳՀՀԾ–ի գծով բանակցությունները` նպատակ ունենալով ակտիվացնել և ամփոփել բանակցությունների արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Թեհրանը լիովին պատրաստ է ավարտել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀԾԾ) վերաբերյալ բանակցությունները, բայց հիմա գնդակը Արևմուտքի դաշտում է։ Ինչպես հայտնում է «Pars Today»–ը, այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։
«Բաղդադյան երկրորդ համաժողովի շրջանակում Իրանի և ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումներ են կայացել։ Վիեննայի բանակցությունները քննարկվող թեմաներից են եղել։ Կոնսենսուս է ձեռք բերվել, որ պետք է շարունակենք ԳՀՀԾ–ի գծով բանակցությունները` նպատակ ունենալով ակտիվացնել և ամփոփել բանակցությունների արդյունքները։ Հաղորդագրությունների փոխանակումը տարբեր մակարդակներում շարունակվում է», – նշել է Քանաանին։
Նրա խոսքով` Թեհրանը լիովին պատրաստ է ավարտել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ բանակցությունները Իրանի կարմիր գծերի պահպանմամբ և բանակցային փաթեթի նախագծի հիման վրա, որը մի քանի ամսվա դժվարին և ինտենսիվ բանակցությունների արդյունք է։ Սակայն այս պատրաստակամությունը մշտական չէ։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն ընդունվել է 2015 թվականին Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Իրանի մասնակցությամբ երկարատև բանակցությունների արդյունքում: Սակայն 2018-ի մայիսին ԱՄՆ վարչակազմը հայտարարեց, որ դուրս է գալիս գործարքից։ Անցյալ տարվա նոյեմբերին Վիեննայում սկսվեցին Իրանի միջուկային ծրագրի և ԳՀՀԾ–ի վերականգնման շուրջ բանակցությունները։
ՌԴ-ն վաղուց է հաստատել իր համաձայնությունը. Լավրովը` ԳՀՀԾ-ի մասին
2021 թվականի դեկտեմբերին կողմերը համաձայնության եկան համաձայնագրի երկու նախագծի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել էր նաև Իրանի դիրքորոշումները։
Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քանին հայտարարեց, որ բանակցությունները հաջող են ընթանում, սակայն ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը Վիեննայում գրանցված առաջընթացը համեստ որակեց՝ Թեհրանին կոչ անելով խնդրին լուրջ վերաբերվել: Կողմերի՝ իրենց մայրաքաղաքներ վերադառնալուց հետո մարտի վերջին բանակցությունները դադարեցվեցին։ Իրանի ԱԳՆ-ն դրանում մեղադրում է ամերիկյան վարչակազմին։ ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել հունիսի 29-30-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում: