Հայաստանում առաջին հողմագեներատորն են ստեղծել. ինչպես նվազեցնել դրա էներգիայի արժեքը

«AirWorker» հայկական ընկերության հողմակայանը
Հողմաղացների տեղական արտադրությունը խթան կհանդիսանա Հայաստանում տեխնոլոգիաների և արտադրական հզորությունների զարգացման համար (մետաղամշակման, կոմպոզիտային նյութերի, աերոդինամիկայի և այլն)։ Դա երկրին կօգնի էներգետիկ հարցերից բացի նաև այլ խնդիրներ լուծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Հայաստանում առաջին սեփական հողմագեներատորն է նախագծվել և ստեղծվել։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «AirWorker» ինժեներական ընկերության համահիմնադիր Արամ Հարությունյանը, ընկերության մասնագետներին հաջողվել է լուծել բոլոր խնդիրները` կապված դրա հիմնական տարրերի նախագծման և արտադրության հետ։
Սեփական ուժերով ստեղծվել են կայմեր, 5 մետր երկարությամբ կոմպոզիտային թիակներ, այլ դետալներ և հանգույցներ, ինչպես նաև կառուցվել է աշտարակը։ Ընկերության նախագծով` հողմաղացի համար գեներատորը հավաքել է հայկական մեկ այլ ընկերություն։
10 մ տրամագծով և 10 կՎտ անվանական հզորությամբ հողմաղացն արդեն մի քանի ամիս փորձարկումներ է անցնում Երևանին կից Պռոշյան գյուղում։

«Մենք արդեն նախնական տվյալներ ենք հավաքել մեր կոնստրուկցիայի կայունության վերաբերյալ` տարբեր արագության քամիների ազդեցության տակ», – նշեց Հարությունյանը։

Փորձարկումների ժամանակ դժվարություններ են առաջացել։ Խնդիրն այն է, որ երբ քամու հոսքը անցնում է հողմաղացով, առաջանում են տատանումներ, որոնց պետք է դիմակայի կայմը։
«Բավական հետաքրքիր և բարդ խնդիր է, սակայն մեզ հաջողվեց հաղթահարել այն», – ասաց ինժեներական ընկերության համահիմնադիրը։
Սա խնդիրներից միայն մեկն է, որոնք ինժեներները ստիպված են եղել լուծել աշխատանքի ընթացքում։
«Իհարկե, Ամերիկա չենք բացահայտում. առաջատար արտադրողներն այս ամենով տարիներ առաջ են անցել։ Բայց եթե որևէ բան ինքդ ես ուզում արտադրել, ինքդ էլ պետք է սովորես սխալներիդ վրա. որևէ բիզնես իր փորձը քեզ չի փոխանցի»,– նշեց նա։
«AirWorker» հայկական ընկերության հողմակայանը
Հարությունյանն ու նրա գործընկերները հողմաղացի թիակներն անձամբ են նախագծել և պատրաստել. այդ գործում նրանց օգնել է մասնագիտական կրթությունը, ավիաշինության ոլորտում ավելի քան 14 տարվա փորձը, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչուների մշակման և արտադրության փորձը։
Բնականաբար, հողմաղացները հնարավոր էր նաև արտերկրից գնել, սակայն այդ դեպքում էներգիայի ինքնարժեքը զգալի կավելանա։ Դա կապված է ինչպես լոգիստիկ, այնպես էլ տեղադրման և սպասարկման խնդիրների հետ (քամու էներգիայի բարենպաստ գոտիների թիվը սահմանափակ է, և դրանք գտնվում են բարձր լեռներում)։
Եվրոպայում այդ ծախսերն ավելի քիչ են, քանի որ հողմաղացները հիմնականում ափամերձ գոտիներում են տեղակայում, հարթ տեղանքում։ Բացի այդ, այնտեղ Հայաստանից մի քանի անգամ ուժեղ է զարգացած ենթակառուցվածքը (լինեն դրանք ճանապարհներ, թե կռունկների և մոնտաժման սարքավորումների ցանց)։ Անհրաժեշտ ամեն բան Հայաստան տեղափոխելը բավական բարդ է, երբեմն էլ` անհնար, այդ իսկ պատճառով հողմային էներգետիկան էապես կշահի այն դեպքում, եթե տեղայնացնենք դրա արտադրությունը։
Հարությունյանի խոսքով` այլ հարց է, որ դրա համար արդյունաբերությունը ստիպված կլինի այնպիսի բարդության խնդիրներ լուծել, որոնց չի բախվել ԽՍՀՄ–ի փլուզումից ի վեր։
«Հողմային էներգետիկան առանձնանում է մշակումների աշխատատարությամբ, սակայն դա էլ հենց նրա առավելությունն է. եթե դուք ինժեներներ և բանվորներ ունենաք, որոնք կարող են, օրինակ, մի քանի մետրանոց կոմպոզիտային թիակներ ստեղծել, ապա վաղը նրանք կկարողանան լուծել նաև այլ բնույթի խնդիրներ։ Այդ իսկ պատճառով պետության համար իմաստ ունի ոչ թե նույնիսկ կոնկրետ մեզ աջակցելը, այլ ընդհանուր առմամբ ոլորտին», – կարծում է Հարությունյանը։
Ըստ նրա` ընկերության փորձից ելնելով` կարելի է ասել, որ Հայաստանում կան թե՛ անհրաժեշտ մասնագետներ, թե՛ արտադրական հզորություններ (թեկուզև սահմանափակ ծավալով)։ Պետք է պարզապես համակարգել նրանց աշխատանքը և սերիական պատվերներ տալ։ Աշխատանքների ծավալը զգալի կնվազեցնի արժեքն ու թույլ կտա բարձրացնել որակը, ինչն իր հերթին այդ տեխնոլոգիան մրցունակ կդարձնի նաև Հայաստանից դուրս։
Ընկերությունը նախնական պայմանավորվածություն ունի Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղի մոտ (Դիլիջանի թունելի վրա գտնվող լեռնանցքի վրա) հողմային էլեկտրակայանների պարկ տեղադրելու վերաբերյալ։ Հարցն այն է, որ այդ տարածքում բարդ ռելիեֆով, և բավական մեծ հեռավորության վրա անհրաժեշտ է էլեկտրահաղորդման գիծ անցկացնել։
«Հողմաղացը փորձարկվում է գարնանից, և աշխատանքների մի քանի ամիսների հիման վրա մենք պատրաստվում ենք դրա կոնստրուկցիայի համար տեխնիկա–տնտեսական հիմնավորում կազմել։ Այժմ մենք համաներդրողներ ենք փնտրում, որոնց հետ կկարողանանք հայտ ներկայացնել հողմային պարկի կառուցման համար», – հայտնեց Հարությունյանը։
Հավելենք, որ Հայաստանում առաջիկայում պետք է մեկնարկի Ասիական զարգացման բանկի դրամաշնորհային ծրագիրը։ Աշխատանքը կկենտրոնանա այն տեղանքներում, որտեղ նախորդ տարիների (90-ականների վերջից և 2000-ականների ընթացքում, նաև արտասահմանյան ծրագրերով) ուսումնասիրությունների արդյունքում հողմային էներգիայի առավել մեծ ներուժ է հայտնաբերվել։ Այդ տեղանքների համար կայանների տեխնիկական առաջադրանքներ կկազմվեն։
Վրաստան և Իրան. ի՞նչ ծրագրեր ունի Երևանի ՋԷԿ–ը 2023-ին
Հարությունյանի խոսքով` այստեղ տեղական ընկերությունները կկարողանան ներկայացնել իրենց առաջարկները, քանի որ առանձին տեղանքների համար տարբեր կոնստրուկցիաներ կպահանջվեն (տարբեր բարձրության կայմեր, տարբեր հզորության գեներատորներ և այլն)։ Եթե շատ թույլ հողմաղաց տեղադրվի, քամու էներգիան լիարժեք չի օգտագործվի, իսկ եթե շատ ուժեղ, ծախսերը չեն արդարացվի։
Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր մոդել պետք է համապատասխանի տեղանքին, և դրանք համեմատաբար ավելի քիչ քանակով արտադրելու անհրաժեշտություն կլինի (առավելագույնը մի քանի տասնյակ)։ Հասկանալի է, որ ոչ մի խոշոր արտադրող նման փոքր պատվերներ չի ընդունի, առավել ևս ոչ ստանդարտ բարձրությամբ կայմերի ու հզորությունների համար (եվրոպացի և չինացի արտադրողները միայն ստանդարտ մոդելների շարք ունեն)։ Հետևաբար այդ խնդիրները լուծելու համար ավելի հեշտ կլինի դիմել տեղական արտադրողներին։