Դաժան սպանություններից մինչև հղիի վրաերթ. 2022-ի՝ հասարակական հնչեղություն ստացած դեպքերը

Անցած տարում դաժան ու ողբերգական իրադարձությունների պակաս չզգացվեց։ Պայթյունների, սպանությունների, ՃՏՊ–ների, դժբախտ պատահարների հետևանքով տասնյակ մարդիկ մահացան։
Sputnik
2022-ին տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք հասարակության լայն արձագանքին արժանացան։ Մի շարք դեպքերով, ցավոք, մարդկային զոհեր ունեցանք, եղան նաև տուժածներ։ 2022-ին քիչ չէին նաև սպանության դեպքերը, որոնք իրենց դաժանությամբ ցնցեցին հասարակությանը։ Sputnik Արմենիան ներկայացնում է 2022-ի` հասարակական մեծ հնչեղություն ստացած դեպքերը։
Մարտի 11-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, ըստ որի՝ 1-02 ահազանգած անձը հայտնել էր, որ մի տղամարդ հետապնդում է նախկին կնոջը։ Նույն օրը Զովունու դպրոցի մոտ հայտնաբերվեցին 1976 թվականին ծնված Նելլի Ն․-ի և 1976 թվականին ծնված Արտակ Դ․-ի դիերը։ Պարզվեց, որ 46-ամյա տղամարդը հետապնդել էր նախկին կնոջը, ապա նռնակով պայթեցրել իրեն ու նրան: Ի դեպ, տղամարդը քանիցս սպառնացել էր կնոջը, որ կսպանի, ծեծել էր, սակայն կինը հրաժարվել էր կանանց ապաստարան տեղափոխվել։
Մարտի 21-ին ԱԻՆ–ն ահազանգել էր, որ Երևանի Արին Բերդ փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 19-ամյա մարտունեցի ուսանող է մահացել։
Պայթյուն Երևանի Արին Բերդ փողոցում
Նշենք, որ պայթյունի հետևանքով նաև փլուզում էր տեղի ունեցել կցակառույցում. այնտեղ 19-ամյա երիտասարդը հեղուկ գազի բալոնով ջրատաքացուցիչ էր միացրել, որից էլ արտահոսք էր եղել։
Ապրիլին մեկ ճանապարհատրանսպորտային պատահար էր տեղի ունեցել, որը մինչ օրս քննարկվում է. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Վերջինս տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր։ Մնացականյանին վրաերթի ենթարկողն ազատության մեջ է։
Վրաերթի վայրում
Ամռանը` օգոստոսի 14-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն տեղի ունեցավ։ Պայթյունը 16 մարդու կյանք խլեց, իսկ մեկ մարդ համարվում է անհետ կորած, շուրջ 7 տասնյակ մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Պայթյունը հնչել էր հրավառության համար նախատեսված պարագաների պահեստում։ Նշվում էր, որ մինչև 4 տոննա պայթուցիկ նյութ է եղել «Սուրմալուի» տարածքում։
Պայթյուն «Սուրմալու»-ի տարածքում
Ի դեպ, Երևանի ավագանին նոյեմբերի 22-ին կայացած նիստում որոշում կայացրեց արգելել մասնավոր հրավառությունները մայրաքաղաքում։ Մշակվել է նաև օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է հրավառ նյութերի ներմուծման արգելք` բացառությամբ հատուկ լիցենզավորված կազմակերպությունների։
Օգոստոսի 18-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի տներից մեկում դաժան սպանություն էր տեղի ունեցել` տղամարդը դանակի մի քանի հարվածով սպանել էր 71-ամյա կնոջը։ Ոստիկաններն ու քննիչները տանը հայտնաբերել էին տանտիրուհու` 71-ամյա Սվետլանա Ավագյանի դին։ Ավելի ուշ Նոր Հաճնի կամրջի տակ կնոջը սպանած ամուսնու` 73-ամյա Սամվել Ալեքսանյանի դին էր հայտնաբերվել։ Ամուսինը կնոջը սպանելուց հետո ինքնասպանություն էր գործել՝ նետվելով կամրջից։
Քննիչները սպանության վայրում
Օգոստոսի 19-ի երեկոյան` ժամը 21։10-ի սահմանում, 36-ամյա Էդվարդ Մարգարյանը նռնակով, ատրճանակով զինված մուտք էր գործել Մասիսի քաղաքապետարանի շենք։ Տղամարդու` շենք մտնելուց հետո պայթյունի ձայն էր լսվել։ Նրա հետ բանակցությունների ընթացքում, ըստ ոստիկանության, հնչել էին կրակոցներ: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները մտել էին ներս և հայտնաբերել Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ըստ իրավապահների` նա ինքնասպան էր եղել։
Օգոստոսին Արզական գյուղի բնակիչ 46-ամյա Զորիկ Մելքոնյանը սպանությունների ու դանակահարությունների շարք էր իրագործել։ Օգոստոսի 27-ին տանը նա սպանել է իր կնոջը` պարանոցը կտրելով, ապա մտել հարևանի տուն ու դանակով հարվածներ հասցրել հարևանին և նրա կնոջը։ Դրանից հետո՝ օգոստոսի 30-ին, նա Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցում գտնվող ընկերության տարածքում դանակով հարվածներ էր հասցրել նույն ընկերության 2 աշխատակցի, որի հետևանքով նրանցից մեկը մահացել էր, իսկ մյուսը՝ հոսպիտալացվել։
Սեպտեմբերի 5-ին Զորիկ Մելքոնյանը կալանավորվել և ինքնախոստովանական ցուցմունք էր տվել։
Վթարի վայրում
Նոյեմբերի 3-ին Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին բախվել էին Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը և «Զիլ» մակնիշի բեռնատարը։ Վթարի հետևանքով 15, 18, 19 և 47 տարեկան քաղաքացիներ են մահացել, ևս 7–ը տուժել են։ Դեպքի առթիվ ձերբակալվել էր «Գազելի» վարորդը։
Սպանության վայրը
Այս տարվա ամենաաղմկոտ դեպքերից մեկն էլ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրում կատարված սպանությունն էր, որը ցնցեց ողջ հասարակությանը։ Նախնական տեղեկություններով` 2 տղամարդ սպանել էին 31-ամյա Զարինեին և նրա 8-ամյա տղային, 12 տարեկան աղջկան։ Ի դեպ, դեպքով հարուցված քրգործի շրջանակներում կալանավորված տղամարդկանցից մեկը սպանելուց առաջ աղջնակին սեռական բռնության էր ենթարկել։
Ինքնաթիռի վթարի վայրը
Դեկտեմբերի 1-ին ՀՀ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտ B55 տիպի մասնավոր ինքնաթիռ էր կործանվել։ Օդանավում 2 հոգի էին, որոնք մահացել են, մարմիններն այրվել են։ Նրանք ՌԴ քաղաքացիներ էին, «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էին Աստրախան։
Ինքնաթիռը գրանցված էր Սլովակիայում։ ԱԻՆ-ի տվյալներով՝ դեպքի պատճառը եղել է եղանակային վատ պայմանները։