Արցախի շրջափակման պատճառով հազարավոր մարդիկ զրկվել են պատշաճ սնվելու իրավունքից․ Ստեփանյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը լուսանկարներ է հրապարակել` նշելով, որ այդ մարդիկ հատուկ սննդակարգ ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Արցախի շրջափակման պատճառով հազարավոր մարդիկ զրկված են պատշաճ սնվելու իրավունքից։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Արցախի տարբեր հաստատություններում՝ մանկապարտեզներում, հիվանդանոցներում, հոգեբուժական կենտրոններում, մանկատներում և ծերանոցներում, հազարավոր մարդիկ, որոնք հատուկ սննդակարգ ունեն, զրկված են պատշաճ սնվելու իրավունքից»,- գրել է Ստեփանյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։