ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի - Sputnik. Ղազախական «Air Astana» ավիաընկերության ինքնաթիռը Տաշքենդ–Ալմաթի չվերթի ընթացքում հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում, ինչի հետևանքով ուղևորներ են տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ավիափոխադրողին։
«Այսօր ավիաընկերությունը Տաշքենդ-Ալմաթի չվերթ է իրականացրել։ Թռիչքի ժամանակ ինքնաթիռը հանկարծակի հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում։ Նախնական տեղեկություններով՝ 7 ուղևոր տարբեր վնասվածքներ և այրվածքներ են ստացել»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։
Ինքնաթիռն Ալմաթիում վայրէջք է կատարել ժամը 16:45-ին (Երևանի ժամանակով` 14:45-ին):
«Չվերթի անձնակազմն առաջին բուժօգնություն է ցուցաբերել ուղևորներին։ Օդաչուները տեղի ունեցածի մասին տեղեկացրել են օդանավակայանի ծառայությանը։ Օդանավակայանում ուղևորներին սպասել են շտապօգնության մեքենաները»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Փաստի առթիվ լիազոր մարմինները հետաքննություն կանցկացնեն։
Արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն էլ հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժել է 5 մարդ։
«Տուժած 5 անձանցից 4-ը, որոնք տարբեր վնասվածքներ և այրվածքներ են ստացել, հրաժարվել են հոսպիտալացումից։ Նրանց ցուցաբերվել է նախնական բժշկական օգնություն»,- ասված է ՔԱԿ-ի հաղորդագրությունում։
Նշվում է, որ շտապօգնության բրիգադը Ուզբեկստանի քաղաքացու է հոսպիտալացրել ողնաշարի փակ կոտրվածքի կասկածանքով։