2022 թվականին ՌԴ միլիարդատերերի կարողությունը նվազել է 94 մլրդ դոլարով. BBI

Ռուբլի
Ցուցիչը հաշվարկվում է այն ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա, որոնցում միլիարդատերերը մասնաբաժիններ ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Ռուսաստանցի միլիարդատերերի ընդհանուր կարողությունը նախորդ տարի նվազել է 93.753 մլրդ դոլարով։ Հաշվարկն արել է ՌԻԱ Նովոստին` հաշվի առնելով «Bloomberg Billionaires Index»–ի (BBI) վարկանիշը։
Ցուցիչը հաշվարկվում է այն ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա, որոնցում միլիարդատերերը մասնաբաժիններ ունեն։ Որոշ ընկերությունների համար հաշվարկն իրականացվում է` ելնելով EBITDA նկատմամբ դրանց կապիտալացման հարաբերակցությունից կամ բաժնետոմսից ստացված եկամտի նկատմամբ բաժնետոմսի գնից։ BBI վարկանիշում ընդհանուր առմամբ ընդգրկված են աշխարհի 500 մեծահարուստներ։ Այս պահին վարկանիշում ՌԴ 23 քաղաքացի կա։
2023 թվականի հունվարի 2-ի դրությամբ նրանց կարողությունը մոտ 269 մլրդ դոլար է կազմում, ինչը շուրջ 27 մլրդ դոլարով պակաս է այն թվից, որ եղել է 2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ։
Վարկանիշում առաջին հորիզոնականը պահպանում է «Նորնիկելի» հիմնական սեփականատերերից մեկը` Վլադիմիր Պոտանինը, նրա նախորդ տարվա կարողությունը կրճատվել է 2.28 մլրդ դոլարով` հասնելով 28.6 մլրդ դոլարի։
7.81 մլրդ դոլարով նվազել է նաև «Նովատեկ» ընկերության համասեփականատեր Լեոնիդ Միխելդոնի կարողությունը, որն այժմ կազմում է 24.6 մլրդ դոլար։ Երրորդ հորիզոնական է բարձրացել NLMK–ի շահառու Վլադիմիր Լիսինը, նրա կարողությունը մեկ տարվա ընթացքում նվազել է 8.13 մլրդ դոլարով և կազմել 19.9 մլրդ դոլար։
Զիջելով դիրքերը` չորրորդ հորիզոնականում է հայտնվել Ալեքսեյ Մորդաշովը, որը մեկ տարում կորցրել է 10.1 մլրդ դոլար (նրա կարողությունը գնահատվում է 18.7 մլրդ դոլար)։ Հինգերորդ տեղում է Ալիշեր Ուսմանովը («Մետալոինվեստ», «Մեգաֆոն»), որի կարողությունը նվազել է 2.79 մլրդ դոլարով և հասել 18.5 մլրդ դոլարի։
Վեցերորդը «Լուկոյլի» համասեփականատեր Վագիտ Ալեկպերովն է (նվազում 6.38 մլրդ դոլարով` մինչև 15.4 մլրդ դոլար)։ «Bloomberg» գործակալությունն իր վարկանիշում նշում է, որ գործարարի կարողությունն ապրիլին մեկ անգամ վերահաշվարկվել է, ինչի հետևանքով այն աճել է ավելի քան 12 մլրդ դոլարով։ Յոթերորդ հորիզոնականը զբաղեցրել է Միխայիլ Պրոխորովը («Օնեկսիմ» խումբ), որի կարողությունը կրճատվել է 750 մլն դոլարով` հասնելով 13.2 մլրդ դոլարի։