2022–ին հազարավոր ընտանիքներում են երեխաներ ծնվել, սակայն մի քանի տասնյակ տներում նորածինները եկել են` մեղմելու հայրենիքի համար զինվոր կորցրած ծնողների վիշտը։ ՀՀ առողջապահության նախարարության վերջին տվյալներով` միայն անպտղության հաղթահարման ծրագրով 28 երեխա է ծնվել արցախյան 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներում։ Sputnik Արմենիան ներկայացնում է այն ընտանիքներին, որոնց հարկի տակ այս տարի վիշտն ու ուրախությունն իրար է խառնվել։ Ի դեպ` այս տվյալները վերջնական չեն, քանի որ նյութում ներառվել են միայն համացանցում հասանելի դեպքերը։
Հունվար
Տարվա առաջին ավետիսը հունվարի 6-ին էր` Սուրբ ծննդի տոնին. այդ օրը լույս աշխարհ եկավ 44–օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը։ Ծնողները փոքրիկին անվանակոչեցին Էմանուել, որը, ըստ Աստվածաշնչի, նշանակում է «Աստված ձեզ հետ»։
Մանվել Մանուչարյանը ծնվել է 2001թ. Տավուշի մարզի Հաղարծին գյուղում: Զոհվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Հադրութում:
Փետրվար
Պատերազմում զոհված 19–ամյա Սամվել Մանասյանի մայրը` Սոնան, ավագ որդու կորստից հետո որոշեց կրկին մայրանալ։ Փետրվարի լույս աշխարհ եկավ Մանվելը։
Սամվել Մանասյանը ծնվել էր Երևան քաղաքում, սակայն ապրել և մեծացել էր Կոտայքի մարզի Քասախ գյուղում: Նա բանակ էր զորակոչվել 2019 թ. հուլիսին։ Ծառայում էր Մատաղիսում և պաշտպանում Թալիշի դիրքերը։ Զոհվել է հոկտեմբերի 17–ին ԱԹՍ–ի հարվածից։
Փետրվարին Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ եկավ Արցախում զոհված ժամկետային զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուրը:
Նշենք, որ 18–ամյա Արամ Բաղդասարյանն ավարտել էր Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցն ու ընդունվել Աբովյանի Էներգետիկայի պետական քոլեջ։ 2020 թվականի հուլիսի 9–ին քոլեջն ավարտելուց հետո մեկնել էր ծառայության։ Նա ընդամենը 3 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44–օրյա պատերազմը։ Արամը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 17–ին Մարտակերտում։
Դավթյանների ընտանիքում կյանքը փետրվարից հետո փոխվել է` պատերազմի զոհերից Գարիկ Դավթյանի եղբայրն է ծնվել այդ ամիս, անունը կրկին Գարիկ է։ Գոհար և Գևորգ Դավթյանները 44–օրյա պատերազմի ժամանակ կորցրել են միակ որդուն։ Չհամակերպվելով կորստի հետ՝ նրանք բարդ որոշում են կայացրել՝ դիմել փոխնակ մայրության։
Գարիկը սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:
Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի ընտանիքը
© Sputnik / Aram Nersesyan
Հադրութում է եղել, երբ պատերազմը սկսվել է։ Գարիկը հրամանատար էր, զոհվել է վիրավոր զինվորներին տարհանելիս։
Մարտ
Վահե Աբրոյանի հայրը` Կարեն Աբրոյանը, երազում տեսել է զոհված որդուն` Վահեին. տղան հորն ասել է` շուտով ընտանիքն իր վահանը կունենա։ Պարզվել է` Վահեի մայրը հղի է։ Մարտի 30-ին ծնվել է ընտանիքի վահանը, որի անունը եղբոր ցանկությամբ Վահան են դրել։
Վահեն 2020-ի ամռանն էր զորակոչվել։ 3 ամսվա զինծառայող էր, երբ պատերազմը սկսվեց։ Ծառայում էր Ֆիզուլիում։ ԱԹՍ-ի հարվածից զոհվեց հոկտեմբերի 28-ին Կարմիր Շուկայի մարտերում։
Նորածին Վահան Աբրոյանը ծնողների հետ
© Sputnik / Aram Nersesyan
Ապրիլ
Ապրիլին հայտնի դաձավ, որ «Բեգլարյան» ԲԿ–ում ծնվել է պատերազմում անհետ կորած Դանիել Թիզյանի քույրը։
Դանիելը 2001 թվականին է ծնվել։ 2020–ի հոկտեմբերի 18–ից ընտանիքը նրա մասին տեղեկություն չունի։ Հայտնի է միայն, որ հոկտեմբերի 19–ին եղել են Իշխանաձորում։
«Էրեբունի» ԲԿ–ի ծննդատանն ապրիլին լույս աշխարհ է եկել Կարեն Միրզոյանի եղբայրը: Ծնողները նրան նույնպես Կարեն են անվանակոչել, քանի որ, ինչպես մայրն է ասում` երազում Կարենը վստահեցրել էր, որ կրկին իր մոտ է գալու:
Կարեն Միրզոյանը ծնվել է 2000 թ. դեկտեմբերի 23-ին Մեղրու տարածաշրջանի Ագարակ քաղաքում: Զբաղվել է ըմբշամարտով, ընդունվել Ագրարային համալսարան, սակայն առաջին կուրսից նրան զորակոչել են բանակ։
Զոհվել է Շուշիում։
Ապրիլին լույս աշխարհ եկավ նաև գորիսեցի հերոս Լևոն Միրումյանի եղբայրը` Ալենը։
Լևոնը միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո անվճար ընդունվել էր Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի բաժին։ 2020թ օգոստոսի 27-ին զորակոչվել էր բանակ, պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել Ջրականի (Ջաբրայիլ) պաշտպանությանը։ Իր 4 ընկերոջ հետ միասին զոհվել է հոկտեմբերի 2–ին խրամատում։
Մայիս
Մայիսին «Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է Ժորա Անդրիասյանի եղբայրը: 9 ամիս առաջ Ժորան մորը երազում երևացել էր՝ ավետելով, որ եղբայր է ունենալու: Օրեր անց մայրն իմացել էր հղիության մասին։ Տղայի անունը Գոռ են դրել։
Ժորան ծնվել է 2002 թվականին։ 2020թ. հուլիսին զորակոչվել է բանակ, ծառայության անցել Հադրութում։ Թեժ մարտերի է մասնակցել Հադրութի, Ասկերանի և Մարտունու շրջաններում: Մի անգամ նույնիսկ հայտնվել է շրջափակման մեջ, բայց հաջողվել է դուրս գալ և շարունակել պայքարը թշնամու դեմ։ Զոհվել է նոյեմբերի 7-ին` Շուշիի համար մղվող մարտերում:
Հունիս
Հունիսին ծնվեց ոստիկանության զորքերի սպաներ Գևորգ և Կարեն Գևորգյանների եղբայրը։ Ծնողները փոքրիկին անվանել են Արեն ի պատիվ իրենց զոհված որդու՝ Գևորգի, որը ցանկանում էր իր ապագա տղային այդպես կոչել։
Գևորգ և Կարեն Գևորգյանները Արմավիրի մարզի Խանջյան գյուղից էին։ Ավագը Գևորգն էր, 2015–ից ծառայում էր ոստիկանության զորքերում։ Կրտսեր եղբայրը՝ Կարենը, ծնվել էր 1998–ին։ Սովորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Ոստիկանության զորքերում էր 2019–ից։ 2020 թ. սեպտեմբերի 29-ին եղբայրները մեկնել են Արցախ։ Նրանք զոհվել են նոյեմբերի 7-ին Շուշիում: Տղաների մարմինները եղել են կողք կողքի...
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում հունիսին ծնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Աշոտ Սարգսյանի քույրը: Նորածնին ծնողներն անվանել են Արևիկ, քանի որ նա հույսի շողով է լցրել ընտանիքը:
Աշոտ Սարգսյանը մինչ օրս համարվում է անհետ կորած։
Հուլիս
Հուլիսի 1-ին ծնվել է զոհված Արման Ազատյանի եղբայրը` կրտսեր Արմանը։
Արման Ազատյանը ծնվել է 2000 թվականին, ծառայության մեկնել 2019 թվականի հունվարին։ Ծառայել է Շուշիի հակաօդային պաշտպանության զորամասում, իսկ 1 տարի անց տեղափոխվել Ֆիզուլի։ Արմանը վիրավորվել է գլխի շրջանում պատերազմի հենց առաջին օրը` սեպտեմբերի 27-ին։ 4 օր անց նա հիվանդանոցում մահացել է։
Հուլիսին լույս աշխարհ է եկել նաև Ներսես Ներսիսյանի եղբայրը։ Մայրը՝ Գայանեն, նորածին որդուն նույնպես Ներսես է անվանակոչել:
«Որոշեցի, որ իմ 4 երեխաների անուններն էլ պետք է հնչեն տան մեջ, բացակա չլինի երեխաներիցս ինչ-որ մեկը»,–ասել է մայրը։
Чемпионы не умирают, они уходят покорять небеса («Չեմպիոնները չեն մահանում, նրանք գնում են նվաճելու երկինքը»)․ բանակ մեկնելու նախորդ օրը ձեռքին արված այս դաջվածքով հայրը ճանաչեց իր առաջնեկ որդու՝ Ներսեսի մարմինը։ Տղան զոհվել էր ավիառումբի հարվածից հոկտեմբերի 25-ին Մարտունիում՝ 20 տարեկան դառնալուց ընդամենը ժամեր առաջ։
Տիգրան Շահբարյանի քույրը նույնպես հուլիսին է ծնվել։ Ծնողները նրան անվանակոչել են Լուսի։
Տիգրանը ծնունդով Արցախից էր` Մարտունու Ճարտար գյուղից, սակայն 1 տարեկան է եղել, երբ ընտանիքը Երևան է տեղափոխվել։ Պարտադիր զինվորական ծառայության մեկնելիս, սակայն, վիճակահանության ժամանակ Տիգրանին բաժին էր ընկել ծառայել Արցախում ու հենց Մարտունու շրջանում։ Տիգրանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 11–ին Հադրութում։
Մխիթար Գալեյանի ծնողները նույնպես հուլիսին են որդին ունեցել։ Փոքրիկին ծնողներն անվանակոչել են հերոս եղբոր՝ Մխիթարի անունով։
Մխիթարը զորակոչվել էր բանակ 2019 թ. հունվարի 17-ին: Ծառայում էր Արցախի Հադրութ քաղաքում: Մխիթարը և ընկերը` Հայկը, ծանր մարտերի ժամանակ նահանջի հրամանը լսելով` վերադառնում են իրենց վիրավոր ընկերոջը` Ավիկին փրկելու: Ավիկի փրկում են, իրենք` զոհվում
Հուլիսին Պապ Այվազյանի հայրը` Գարիկ Այվազյանը, իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ որդի են ունեցել։ Նորածնին նույնպես ծնողներն անվանել են Պապ։
Պապ Այվազյանը ծնվել է 2001 թ. Արթիկի Լեռնակերտ գյուղում։ Ծառայությունն անցել է Ջրականում, ապա կամավոր միացել Դրմբոնի զորամասի հատուկջոկատային ստորաբաժանմանը։ Զոհվել է վիրավոր հրամանատարին օգնելու ժամանակ` դիպուկահարի գնդակից։ Պապի աճյունը մինչ օրս գտնված չէ։
Արցախյան 44-օրյա պատերազմում 18-ամյա որդուն՝ Մուշեղին կորցրած Վարդանյանները հուլիսին որդի ունեցան: Ծնողները նորածնին անվանակոչել են Մուշ:
18-ամյա Մուշեղ Վարդանյանը ծառայել է Արցախում։ Պատերազմի ժամանակ Մուշեղը ծանր վիրավորվել է, բայց չի լքել իրեն վստահված դիրքը և հրամանատարի հետ, որը նույնպես վիրավորվել էր, շարունակել է կռվել։ Վիրավոր հրամանատարը սպասել է այնքան, մինչև Մուշեղին տեղափոխեն անվտանգ վայր, որից հետո է միայն համաձայնել, որ իրեն նույնպես տեղափոխեն հիվանդանոց։ Մուշեղը տեղափոխվել է Երևան, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Օգոստոս
«Վանաձոր» ԲԿ–ում ամռան վերջին ամսում լույս աշխարհ եկավ Ռադիկ Հովակիմյանի եղբայրը։ Փոքրիկին անվանակոչել են եղբոր՝ Ռադիկի անունով:
Ռադիկը ծառայում էր Արցախում, մի քանի ամիս էր մնացել ծառայության ավարտին, երբ սկսվեց 44-օրյան: Պատերազմի 2-րդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորում էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Ստացած ծանր վնասվածքների հետևանքով 2020–ի հոկտեմբերի 5-ին Ռադիկը մահացավ:
Հոկտեմբեր
Հոկտեմբերին է ծնվել Ավետիք Կարճիկյանի եղբայրը։ Փոքրիկին ընտանիքն անվանել է Ավետ։ Երեխան լույս աշխարհ է եկել փոխնակ մոր միջոցով։
Կարճիկյանը մանկավարժական համալսարանի շրջանավարտ էր, բայց զինակից ընկերները նրան բժիշկ էին ասում, քանի որ շատ լավ էր տիրապետում առաջին օգնության կանոններին։
Կռվում էր Մեխակավանի թեժ կետերից մեկում։
44-օրյա պատերազմի զոհերից մեկի` ոստիկանության զորքերի ծառայող Դավիթ Հարոյանի եղբայրը նույնպես հոկտեմբերին է ծնվել։
«Դավիթը երազիս էրեխու ձեռքը բռնած տուն էր եկել: Կինս հարցրել է՝ ո՞վ է այս երեխան: Պատասխանել է՝ չգիտե՞ս` ախպերս ա: Հիմա երեխան ծնվեց, անունը Հայկ դրեցինք: Դավիթ էինք որոշել, բայց Դավիթի ասելով Հայկ ենք դրել»,-պատմել է երեխայի հայրը՝ Գառնիկը:
Դավիթը Քարվաճառի և Շուշիի մարտերին է մասնակցել։ Զոհվել է նոյեմբերի 7-ին` Շուշիի մատույցներում:
Նոյեմբեր
Նոյեմբերի 1–ին ծնվել է Էդգար Զաքարյանի եղբայրը՝ Էդգարը։
Էդգար Զաքարյանը ծնվել է 2002 թվականի մարտի 18-ին: Նա բանակ էր զորակոչվել 2020 թվականի օգոստոսի 24-ին։ Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 9-ին:
44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Վահե Կարապետյանի ընտանիքում նոյեմբերը նոր լույսով է լցրել` ծնվել է Վահեի եղբայրը։ Ծնողները նրան նույնպես անվանակոչել են Վահե:
«Տանն աշխուժություն կա, աչքդ բացում ես ու կողքիդ է Վահեն: Ուրախանում եմ, որ մայրերն իրենց մեջ ուժ են գտնում բալիկ ունենալու: Աստծո կամոք մեկն էլ կունենամ»,- ասում է տիկին Կարինեն` Վահեի մայրը:
Կարապետյանների ավագ որդին՝ Վահեն, ծառայել է Հադրութում, զոհվել Հադրութի ուղղությամբ մղվող մարտերում:
Այս տարի ծնվել է նաև օպերատոր Վահե Կարապետյանի եղբայրը` Վանը։ Ծնողները կատարել են իրենց զոհված որդու խնդրանքը. նա երազում էր քույր կամ եղբայր ունենալ։
Օպերատոր Վահե Կարապետյանի մայրը և եղբայրը` Վանը
© Sputnik / Aram Nersesyan
21–ամյա Վահեն կամավոր է մասնակցել մարտերին։ Նոյեմբերի 6–ին Շուշիում ծանր վիրավորում է ստացել, վիրահատվել ու տեղափոխվել Երևանի հիվանդանոցներից մեկը, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է նոյեմբերի 9–ին։ Վահեն մասնագիտությամբ դեղագործ էր, աշխատում էր NEWS.am-ում որպես օպերատոր, մոնտաժող։
Գևորգ Ղուզանյանի կրտսեր եղբայրը նույնպես նոյեմբերին է ծնվել։ Ծնողները փոքրիկին Մխիթար են անվանել։ Մխիթարը ժամանակից մի փոքր շուտ է ծնվել, բայց բժիշկները վստահեցնում են` առողջ է։
Գևորգը սակրավոր էր, 17 զինակիցների հետ զոհվել է Իշխանաձորում` անօդաչուի հարվածից։
Նորայրին կորցրած Վարդանյանների ընտանիքում նույնպես համալրում է եղել նոյեմբերին։ Նրանք արտամարմնային բեղմնավորման միջոցով միանգամից զույգ են ունեցել` տղա և աղջիկ։ Նորածիններին ծնողները Դավիթ ու Տաթև են անվանել։
Նորայր Վարդանյանը ծառայել է Արմավիրի ռազմաուսումնական զորամասում, իսկ որոշ ժամանակ անց խնդրել, որ իրեն տեղափոխեն Արցախ։ Նա 9 ամսվա ծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է, իսկ մեկ շաբաթ անց զոհվել է:
Դեկտեմբեր
Տարեվերջին ծնվեց Հակոբ Գրիգորյանի եղբայրը։ Հերոսացած եղբոր պատվին ծնողները փոքրիկին Հակոբ են կոչել:
Ժամկետային զինծառայող Հակոբ Գրիգորյանը զոհվել է պատերազմի հենց սկզբի օրերին՝ հերոսաբար կռվելով ընկերների հետ: Գրիգորյանները 3 աղջիկ ունեն։
Տարին ավարտվեց ևս մեկ լավ լուրով` ծնվել է պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող 22–ամյա Նարեկ Մանուկյանի եղբայրը։ Ընտանիքն Արարատի մարզից է, ծնողները նորածնին անվանել են Արեգ։
Ասում են` փոքրիկ Արեգի համար անելու են այն ամենն, ինչ չհասցրին անել իրենց ավագ որդու համար։ Արեգն ընտանիքի երրորդ զավակն է։