ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik․ Չճանաչված Կոսովոյի իշխանությունն ուզում է իր տարածքում զգալիորեն ավելացնել ՆԱՏՕ-ի զինվորների ու ռազմական տեխնիկայի թիվը։ Տեղեկությունը die Welt պարբերականին տված հարցազրույցում հայտնել է ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալբին Կուրտին։
Նրա խոսքով՝ այդպիսով կբարձրացվի անվտանգության մակարդակը Պրիշտինայում ու Արևմտյան Բալկանների ամբողջ տարածաշրջանում: Պարբերականի զրուցակիցն ընդգծել է, որ ներկայումս ՆԱՏՕ–ն ավելացնում է պաշտպանության ծախսերը ու իր զինվորների ու պահեստազորայինների թիվը։
«ՆԱՏՕ-ի KFOR խաղաղապահ ուժերում (դաշինքի ղեկավարությամբ միջազգային ուժեր, որոնք պատասխանատու են Կոսովոյում կայունության ապահովման համար-խմբ.) զինվորների թվի ավելացումը կաջակցի մեր պաշտպանական ջանքերին», - ավելացրել է Կուրտին:
Անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Սերբիան կարողացել է խուսափել Կոսովոյում լայնածավալ հակամարտությունից, որը կարող էր ավարտվել «ՆԱՏՕ-ի հետ կապված աղետով»: Նրա խոսքով՝ սերբական իշխանությանը հաջողվել է կանխել Պրիշտինայի ուժերի ուղարկումը Կոսովոյի ու Մետոխիայի հյուսիս, որը բնակեցված է էթնիկ սերբերով: