ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Հնդկաստանը և Պակիստանը փոխանակել են միջուկային օբյեկտների ու բանտերում գտնվող բանտարկյալների տվյալները։ Տեղեկությունը հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հնդկաստանի ԱԳՆ-ին:
«Այսօր Հնդկաստանը և Պակիստանը դիվանագիտական ուղիներով միաժամանակ Նյու Դելիում ու Իսլամաբադում փոխանակել են միջուկային կայանքների և օբյեկտների տվյալները, որոնք ենթակա են Հնդկաստանի ու Պակիստանի միջև միջուկային կայանքների և օբյեկտների վրա հարձակումն արգելող համաձայնագրի գործողության: 1988 թվականի դեկտեմբերի 31-ին ստորագրված ու 1991 թվականի հունվարի 27-ին ուժի մեջ մտած համաձայնագիրը նախատեսում է, որ Հնդկաստանը և Պակիստանը միջուկային կայանքների և օբյեկտների մասին միմյանց տեղեկացնում են յուրաքանչյուր օրացուցային տարվա հունվարի 1-ից», - նշված է հաղորդագրության մեջ:
Հնդկաստանի ԱԳՆ-ն նշել է, որ սա երկու երկրների միջև նման ցուցակների 32-րդ փոխանակումն է:
Նյու Դելին և Իսլամաբադը փոխանակել են նաև քաղաքացիական բանտարկյալների և կալանքի տակ գտնվող ձկնորսների տվյալները:
«Հնդկաստանը ներկայացրել է 339 պակիստանցի քաղաքացիական բանտարկյալների և 95 պակիստանցի ձկնորսների անունները։ Նրանք ներկայումս գտնվում են Հնդկաստանում կալանքի տակ: Պակիստանն իր հերթին ներկայացրել է 51 քաղաքացիական բանտարկյալների և 654 կալանավորված ձկնորսների տվյալներ, որոնք հնդիկներ են կամ ենթադրաբար հնդիկներ են», - նշվում է հաղորդագրության մեջ ։
Հնդկաստանի իշխանությունը նաև կոչ է արել Պակիստանին վաղաժամկետ ազատել և հայրենադարձել քաղաքացիական բանտարկյալներին, անհետ կորած հնդիկ զինծառայողներին և ձկնորսներին իրենց նավակների հետ, ինչպես նաև անհապաղ հյուպատոսական հասանելիություն տրամադրել Հնդկաստանից ժամանած այլ բանտարկյալներին: