Հայտնաբերվել են ոստիկանության նախկին գնդապետի տղային դանակահարելու մեջ կասկածվողները

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Ոստիկանությունը միջադեպի մասնակից 3 անձ է հայտնաբերել, ևս 2-ը որոնվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Ոստիկանները հայտնաբերել են ոստիկանության նախկին պաշտոնյայի, գնդապետի տղային ծեծի ենթարկած ու դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած 3 կասկածյալներին, գրում է Shamshyan.com-ը։
Հայտնել էինք, որ դեկտեմբերի 30-ին Երևանի Մամիկոնյանց փողոցում կրակոցներ են հնչել, հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդին։
«Դեկտեմբերի 31-ին ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխվել 3 քաղաքացի։ Բերման ենթարկվածներն են 32-ամյա Շահեն Ն-ն, 21-ամյա Արեգ Վ-ն, 21-ամյա Տիգրան Վ-ն։ Նրանք կասկածվում են Էդուարդ Նադարյանի հետ վիճաբանելու, նրան դանակի մի քանի հարված հասցնելու մեջ։ Վիճաբանության ժամանակ էլ Էդուարդ Նադարյանը իր մոտ եղած ատրճանակով մի քանի կրակոցներ էր արձակել»,–գրում է կայքը։
Ոստիկանները որոնում են Երևանի բնակիչ՝ 23-ամյա Մարտին Մ-ին և ոմն Արթուրի, ում ինքնությունը պարզվում է։
Պարզվել է, որ վիճաբանություն-ծեծկռտուքը տեղի է ունեցել ժամը 02։10-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցի 34Բ շենքի դիմաց աղմկելու համար, որի ժամանակ էլ Նադարյանը եղել է միայնակ, իսկ մնացածը՝ միասին։