Գարեգին Բ–ն ցավակցական ուղերձ է հղել Բենեդիկտոս XVI -ի մահվան կապակցությամբ

Գարեգին Բ-ի և Բենեդիկտոս XVI -ի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Կաթողիկոսը հայտնել է, որ ջերմորեն է հիշում Բենեդիկտոս XVI -ի հետ հանդիպումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս XVI -ի մահվան կապակցությամբ, տեղեկանում ենք Մար աթոռի տեղեկատվական համակարգից։
«Ավելի քան 70 տարի Նորին Սրբությունն անսահման նվիրումով ու հանձնառությամբ ծառայեց եկեղեցուն և կարևոր դեր խաղաց կաթոլիկ աստվածաբանական ավանդության զարգացման գործում: Մենք ջերմորեն ենք հիշում նրա հետ մեր հանդիպումները և գոհություն ենք հայտնում Աստծուն երջանկահիշատակ պապի՝ եկեղեցուն տարիների նվիրյալ ծառայության համար։ Խնդրում ենք բարերար Աստծուն ընդունելու նրան իր հավիտենական երանության մեջ»,–ասված է Գարեգին Բ–ի ցավակցական ուղերձում։
Երեկ` դեկտեմբերի 31-ին, հայտնի դարձավ, որ մահացել է հանգստի անցած Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը։
Բենեդիկտոս XVI-ը (Յոզեֆ Ռատցինգեր) կաթոլիկ եկեղեցու հովվապետի գահը զբաղեցրել է 2005 թվականի ապրիլից մինչև2013 թվականի փետրվարը։ 2013 թվականի փետրվարի 11-ին նա անսպասելիորեն հայտարարել է գահից հրաժարվելու որոշման մասին։ Այդ ժամանակից ի վեր նա ապրում էր Վատիկանի այգիներում գտնվող Mater Ecclesiae փոքրիկ վանքում: