Անվտանգության ոլորտում մեր դաշնակիցները մեզ թողեցին միայնակ. Փաշինյանի ամանորյա ուղերձը

Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը ծանր վիճակի մեջ է դրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, բոլորիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ 2021 թվականի մայիսից 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ընկած ագրեսիան կրկնակի ցավոտ էր, որովհետև անվտանգության ոլորտում Հայաստանի դաշնակիցները մեզ թողեցին միայնակ։ Ամանորյա իր ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` անվտանգության ոլորտում Հայաստանի դաշնակիցները նախընտրել են մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում կամ որպես այլընտրանք առաջարկելով ակտիվ դիտորդի կարգավիճակը:
«Բայց մենք աշխարհում մենակ չմնացինք, և ուզում եմ շնորհակալություն հայտնել այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, ովքեր անտարբեր չգտնվեցին այս իրավիճակի նկատմամբ և մեր երկրի առաջ չունենալով ոչ մի պարտավորություն, գնացին աննախադեպ որոշումների՝ աջակցելու համար մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատմանը»,–ասել է նա։
Վարչապետի խոսքով` 2022 թվականը ծանր մարտահրավերների տարի էր: Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը ծանր վիճակի մեջ է դրել Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, մեզ բոլորիս: Նա նշել է, որ այս իրավիճակի քաղաքական գնահատականի և հնարավոր լուծումների մասին արդեն բազմիցս խոսել է.«Այս պահին ուզում եմ ամուր գրկել շրջափակման մեջ հայտնված մեր քույրերին ու եղբայրներին և նրանց ասել, որ տարածաշրջանում հարաբերությունների որակ փոխելու ասելիքի կարևոր հասցեատերն են իրենք, և սա խորհելու մի բացառիկ ժամ է բոլորիս համար»։
Նա հավելել է, որ մենք պայքարում ենք անկախ, ինքնիշխան, բարեկեցիկ և ապահով պետություն ունենալու համար, կոնկրետ՝ պետություն:
«Մենք բիբլիական ելքի մեջ ենք և քայլում ենք անապատի միջով՝ Երկիր Նաիրիից մղվելով դեպի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր շատ կոնկրետ ձև ու չափ ունեցող Հայաստանի Հանրապետություն: Սա ծանր և վտանգավոր, բայց և անխուսափելի ճամփորդություն է՝ հանուն փրկության, հանուն հանրապետության, հանուն պետականության»,–ասել է նա։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։