Անապայում և Նովոռոսիյսկում երկրաշարժ է գրանցվել

Զոհեր և ավերածություններ չկան, կենսապահովման բոլոր համակարգերը գործում են բնականոն ռեժիմով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Մինչև 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սև ծովի ավազանում, Անապայում և Նովոռոսիյսկում, զոհեր և ավերածություններ չկան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ի Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչությանը։
«Դեկտեմբերի 31-ին, ժամը 08.00-ին սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Կրասնոդարի երկրամասի Սև ծովի ավազանում` Սուկկո գյուղից 35 կմ հեռավորությամբ, 10 կմ խորությամբ էպիկենտրոնով, 3,5 բալ ուժգնությամբ: Նովոռոսիյսկում ցնցումները զգացվել են կենտրոնական ներքաղաքային շրջանում, ինչպես նաև Ռաևսկայա ստանիցայում: Անապայի սեյսմիկ կայանի սարքերը գրանցել են 4 բալ ուժգնությամբ ցնցումներ։ Անապայի տարածքում ցնցումները ֆիզիկապես զգացվել են»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զոհեր և ավերածություններ չկան, կենսապահովման բոլոր համակարգերը գործում են բնականոն ռեժիմով:
Գերատեսչության տվյալներով` օպերատիվ խմբերը ստուգում և տեղեկություններ են հավաքում սեյսմիկ իրադարձության հնարավոր հետևանքների մասին։