ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետներն ասել են, որ այսօր կայանի մոտ պայթյուններ են հնչել: Այս մասին ասվում է գործակալության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Թեև անցյալ ամսվանից ի վեր Եվրոպայի խոշորագույն ատոմակայանի անմիջական տարածքում գնդակոծություններ չեն եղել, ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հայտնել են, որ այսօր նրանք պայթյունների բարձր ձայներ են լսել, որոնք, ըստ երեւույթին, հնչել են օբյեկտից մի քանի հարյուր մետր հեռավորությունից՝ ջրանցքի շրջանում, որը մերձակա Զապորոժիեի ՋԷԿ-ը կապում է Դնեպր գետի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Կիևի ռեժիմը ձգտում է միջուկային աղետի սպառնալիքի տեսանելիություն ստեղծել՝ շարունակելով նպատակաուղղված գնդակոծել ԶԱԷԿ-ը։ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) բազմիցս հայտարարել է ԶԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին: