Միշուստինը նույնպես շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Միխայիլ Միշուստինն ու ՆԻկոլ Փաշինյանը
ՌԴ կառավարության ղեկավարի խոսքով` նոր խոշոր համատեղ նախագծերը բխում են Ռուսաստանի և Հայաստանի երկարաժամկետ շահերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը համոզված է, որ երկու երկրի կառավարությունների համատեղ ջանքերը կնպաստեն տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ամրապնդմանը; Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Միշուստինն այդ մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում։
«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Նոր՝ 2023 տարվա և Սուրբ ծննդի առթիվ: Համոզված եմ, որ կառավարությունների մակարդակով համատեղ ջանքերը կնպաստեն տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ամրապնդմանը, բարենպաստ պայմաններ կստեղծեն նոր խոշոր համատեղ նախագծերի մեկնարկի համար: Դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի երկարաժամկետ շահերին»,– ասված է ուղերձում։
Միշուստինի խոսքով` անցնող տարում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները՝ հիմնված բարեկամության, գործընկերության և դաշնակցության սկզբունքների վրա, շարունակել են դինամիկ զարգանալ: Ընդլայնվել է համագործակցությունը առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում, ամրապնդվել է ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
Նա Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն, իսկ ողջ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։