Կարմիր խաչի ուղեկցությամբ ևս 3 հիվանդներ Արցախից տեղափոխվել են Հայաստան

Արխիվային լուսանկար
Արցախից Հայաստան տեղափոխված 3 հիվանդները տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններում կհոսպիտալացվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 3 հիվանդներ Արցախից այսօր տեղափոխվել են հայաստանյան ԲԿ–ներ, տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշվում է, որ Լաչինը փակ լինելու պատճառով Հանրապետական բժշկական կենտրոնից 3 հիվանդներ՝ «Սրտի փականային հիվանդություն, միտրալ և աորտալ փականների արտահայտված անբավարարություն», «Սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի ֆիբրիլյացիա՝ պարոքսիզմալ ձև» և «Ձախ կրծքագեղձի ինվազիվ ոչ յուրահատուկ կարցինոմա, էնդոմետրիոզ, արգանդի պարանոցի քաղցկեղ» ախտորոշումներով գտնվում էին Արցախի բժիշկների հսկողության տակ։ Եվ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 3 հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Արցախի տեղեկատվական շտաբը կրկին հայտնել էր, որ Հանրապետական բժշկական կենտրոնում բուժում ստացող հիվանդներից ևս 3-ին տեղափոխել են Հայաստան։
Դեկտեմբերի 19-ին էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան էր տեղափոխվել առողջական խնդիրներ ունեցող մի տղամարդ (1960 թվականին ծնված), դեկտեմբերի 24–ին` 4 ամսական երեխա։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։