«Իրենք եփել են այս կաշան, թող իրենք էլ բացեն Լաչինը». արցախցիները ՀՀ կառավարության առջև են

Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց
Արցախցիները պահանջում են, որ ՀՀ կառավարությունն աշխատի միջազգային գործընկերների հետ, որպեսզի ստիպեն Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Արցախցիները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել, որ Լաչինի միջանցքը բացվի։
«Թող ուժ գործադրեն, ամեն ինչ անեն, որ ճանապարհը բացվի։ Իրենք եփել են այս կաշան, թող իրենք էլ բացեն միջանցքը»,–ասաց ակցիային մասնակցող մի կին։
Նա նշեց, որ իր բոլոր հարազատներն այնտեղ են` Մարտունիում, որոնք հիմա դեղորայքի, սննդի կարիք ունեն։
Տղամարդկանցից մեկն էլ շեշտեց, որ այս պահին բոլոր քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց հայացքները և փորձեն միջազգային կառույցների միջոցով ստիպել Ադրբեջանին, որ Լաչինի միջանցքը բացի։
«Խնդրում եմ, որ դիվանագիտական լավ աշխատանք կատարեն, մարդկանց հանեն այս իրավիճակից. Հիտլերը, որ Հիտլեր էր, մարդկանց նման վիճակում չէր գցում»,–ասաց տղամարդը։
Նա նշեց, որ ռուս խաղաղապահներին մեղադրել չի կարելի. նրանք կատարում են իրենց պարտականությունը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։