Հագուստն այնքան կարևոր չէ, որքան ասելիքը․ Մարիաննա Քաբաբյանը` 2023-ի միտումների մասին

Մոդել
Նորաձևության բլոգերի խոսքով` Նոր տարվա գիշերը կարելի է խախտել մինիմալիզմի բոլոր կանոնները և առանց մտածելու փայլփլուն իրեր գնել։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Ժամանակակից նորաձևությունը գնալով ավելի հայեցակարգային է դառնում՝ արտացոլելով աշխարհի առջև ծառացած մարտահրավերները: Փորձագետները կարծում են, որ եկող տարի այդ միտումը կշարունակվի։ Նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը Sputnik Արմենիային պատմեց, թե որ կերպարներն են հատկապես արդիական կանանց համար 2023 թվականին։
Քաբաբյանը կարծում է, որ աշխարհում ստեղծված քաղաքական և տնտեսական բարդ իրավիճակը չի կարող չանդրադառնալ նորաձևության վրա։ Նրա խոսքով՝ նորաձևությունը միշտ էլ ինքնարտահայտման միջոց է եղել, բայց հիմա, ինչպես երբեք, նաև խոր հոգեբանական ուղերձ է կրում:
Մարիաննա Քաբաբյան
«Խոսքը քաղաքականության միտումների մասին լինի, կանանց էմանսիպացիայի, թե շրջակա միջավայրի պահպանության խնդիրների․.. մարդկության համար կարևոր ուղերձները երբեք այդքան բացահայտ չեն արտացոլվել նորաձևության մեջ»,-ասում է նա:
Բլոգերը նշում է, որ հագուստի հարցում մինիմալիզմը դիրքերը չի զիջում։ Միևնույն ժամանակ 2023 թվականը կանանց երկու բավականին հակասական կերպար է առաջարկում։
Մարիա Շարապովա
Առաջինը առավելագույն կանացիությունն է։ Այս միտումը նույնիսկ հիշեցնում է 18-րդ դարի նորաձևությունը՝ Մարի-Անտուանետի դարաշրջանը։ Արդիական են կորսետները, ընդգծված իրանը, դեկոլտեն, զգեստապահարանում մեղմ գույների գերակշռությունը:
Երկրորդ դեպքում շեշտը դրվում է հասարակության մեջ կնոջ աճող դերի վրա։ Այստեղ արդիական է տղամարդկանց ոճը. օրինակ՝ տղամարդկանց կոստյումները, բայց ամենատարբեր արտահայտումներով (նեոնից մինչև պաստելային գույներ):
Պահպանվում է «օվերսայզի» միտումը, նորաձև են նաև լայն ուսերով հագուստները, կարճ բլեյզերները, կոնքի գոտիով տաբատները, որոնք բնորոշ էին 2000-ականներին։
«Օվերսայզ» հագուստ
«Ի դեպ, 2000-ականների էսթետիկան ներխուժել է մեր կյանք և առայժմ չի պատրաստվում հեռանալ։ Այստեղ հարցը շեշտը մարմնի վրա դնելն է։ Չէ՞ որ հիմա հատկապես թրենդային է բոդիպոզիտիվը, երբ ցանկացած տիպի կազմվածք ընդունելի է, և նորաձևությունն այլեւս չի սահմանափակում կնոջը: 90-60-90 պարամետրերին չհամապատասխանելն այլևս չի նշանակում, որ պետք է թաքցնել կազմվածքը»,-ասում է Մարիաննան։
«Plus size» մոդելը ամառային հագուստով
Մարմնի շեշտադրումը նորաձևության ոլորտի մասնագետներն արդեն առանձին միտում են համարում։ Հագուստը պետք է առավելագույնս ընդգծի մարդու մարմինը, ոչ թե թաքցնի այն։
Բլոգերը վերջին տարիների ևս մեկ միտում է նշում, որը հաջորդ տարի ևս բնութագրելու է նորաձևությունը։ Խոսքը բնության մասին հոգ տանելու մասին է։ Ամբողջ աշխարհի կանայք ավելի ու ավելի հաճախ են նախընտրում «second hand»-ը կամ վերամշակված նյութերից պատրաստված հագուստը։ Այս միտումը պահում են նաև աստղերը՝ կարմիր գորգերի համար զգեստ ընտրելով հայտնի ապրանքանիշների վինտաժային հավաքածուներից։
Մարիաննան օրինակ է բերում Բելլա Հադիդին, որը հասարակությանը ներկայանալու համար զգեստ էր ընտրել «Gucci»–ի 1997 թվականի հավաքածուից։

Ամանորի գիշերը

Նոր տարվա գիշերը, նորաձևության բլոգերի խոսքով, կարելի է խախտել մինիմալիզմի բոլոր կանոնները և առանց մտածելու փայլփլուն իրեր գնել։
«Այդ գիշեր կարելի է առավելագույնս ազատ ինքնարտահայտվել։ Վառ եղեք, չէ՞ որ ստեղծված իրավիճակում տոնի առիթներն այնքան էլ շատ չեն, և այս առիթը պետք է օգտագործել մտերիմներին տոն նվիրելու, միասնականություն զգալու, սեր խոստովանելու համար»,-ասում է նա։

Դիմահարդարման միտումներ

Փորձագետը նշում է, որ կոսմետիկ փայլերն արդիական են նաև 2023-ին, ընդ որում՝ դրանք կարելի է օգտագործել ոչ միայն հատուկ առիթով, այլև առօրյա կյանքում։
Մոդել
«Փայլերը թույլ կտան հետաքրքիր շեշտադրումներ անել դեմքին։ Բացի այդ, արդիական են բոլոր գույների և ձևերի ընդգծված աչքերը։ Կպահպանվի նաև խոնավ դիմահարդարման միտումը՝ հայլայթերի օգտագործմամբ»,- ասում է Մարիանան։
Դիմահարդարը շրթներկ է քսում մոդելի շուրթերին
Նա շեշտում է` դիմահարդարման դեպքում ևս իմաստն ու ինքնարտահայտումը ավելի կարևոր են, քան այս կամ այն միտումները։ Մի խոսքով՝ եթե կինն ուզում է հանրությանը ինչ-որ միտք հասցնել, կարող է թե՛ հագուստը, թե՛ դիմահարդարումը օգտագործել այնպես, ինչպես ճիշտ է համարում. այստեղ ոչ մի օրենք չի գործում։
Ստորջրյա լուսանկարչությունից մինչև նորաձևություն. ինչ է փնտրում գյումրեցի լրագրողը ջրի տակ