Վերանորոգման ընթացքում՝ 2022 թվականի գարնանը, տեղի ունեցավ առաջին փլուզումը, և շինարարությունը մի քանի ամսով դադարեցվեց։
Խոտ–Որոտան ճանապարհի շինարարություն
© Sputnik / Aram Nersesyan
Հոկտեմբերին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ մարտին տեղի ունեցած փլուզման հետևանքով առաջացած խնդիրները լուծված են։ Նա խոստացավ, որ նոյեմբերին ճանապարհն ամբողջությամբ կվերականգնվի, իսկ հաջորդ տարի կասֆալտապատեն։
Սակայն հոկտեմբերի երկրորդ կեսին Սյունիքի մարզի Խոտ-Որոտան ճանապարհի շինարարությունը կրկին հետաձգվեց նոր փլուզման պատճառով։
Ճանապարհի մի հատվածը փլուզումից հետո
© Sputnik / Aram Nersesyan
Դեկտեմբերի սկզբին Sputnik Արմենիան այս ճանապարհի վերաբերյալ հարցում էր ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղից մեզ տեղեկացրել էին, որ Որոտան-Խոտ 10,3 կմ ճանապարհին այժմ հողային աշխատանքներ են իրականացվում։ Փլուզումից հետո մասնագիտական ուսումնասիրություն է իրականացվում խնդրի լուծումը գտնելու համար։
«Ճանապարհի շահագործման հանձնելու ժամկետը վերանայման փուլում է։ Այժմ Որոտան գյուղն օգտվում է այլընտրանքային ճանապարհից։ Ճանապարհը երթևեկելի է թեթև մարդատար մեքենաների համար»,– նշել էին գերատեսչությունում։
Ոչ բոլոր մեքենաներն են կարողանում հաղթահարել այս ճանապարհը
© Sputnik / Aram Nersesyan
Sputnik Արմենիայի նկարահանող խումբն անցել է ճանապարհով և այցելել փլուզման վայր։
Փլուզումը սրբել–տարել է ճանապարհի մի մասը, քանդված հատվածի մյուս կողմում մոտ 1,5 կմ քիչ թե շատ կահավորված ճանապարհ է մնացել։
Շինարարները մեզ պատմեցին, որ էքսկավատորի վարորդն այդ վայրից հեռացել է դեպքից րոպեներ առաջ, այլապես փլուզումը նրան տեխնիկայի հետ կքշեր-կտաներ ձորը։
Փլուզումից հետո շրջանցիկ ճանապարհ է բացվել բանջարանոցների միջով, բայց այն շատ նեղ է ու դժվարանցանելի, հատկապես վատ եղանակի դեպքում։