ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմեն Հակոբջանյանին նշանակել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Փաշինյանի որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Արմեն Հակոբջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,– ասված է փաստաթղթում:
Վարչապետը որոշումը ստորագրել է այսօր։
Հիշեցնենք` 2022–ի սեպտեմբերի 25-ին Սիսիան համայնքում անցկացված ընտրություններում ավագանու կազմ էին անցել «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան», «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Հոկտեմբերի 12-ին նորընտիր ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը:
Հոկտեմբերի 15-ին և 18-ին նշանակված ավագանու արտահերթ նիստերը՝ համայնքի ղեկավարի երդման արարողություն անցկացնելու օրակարգով, քվորում չլինելու պատճառով չէին կայացել, և Արմեն Հակոբջանյանը չէր ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները:
Ավելի ուշ ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները հրաժարվել էին մանդատներից, ու Սիսիանի ավագանու 21 անդամներից ավագանու կազմում մնացել էին միայն ՔՊ–ի 10 անդամները, որոնք չէին կարող քվորում ապահովել ու նիստ անցկացնել:
Դեկտեմբերի 14-ին Սիսիանի ղեկավար ընտրված, բայց իր լիազորություններն այդպես էլ չստանձնած Արմեն Հակոբջանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 29-ին որոշեց դադարեցնել Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները։