ԱԱԾ տնօրենը հանդիպելու է անհետ կորած, գերեվարված անձանց ընտանիքների անդամների հետ

Արմեն Աբազյան
Նիստին ներկա է եղել նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկվել են անհետ կորած, գերեվարված անձանց ընտանիքների սոցիալական կարիքներին վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ–ն։
Նիստը կայացել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ, ներկա է եղել նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչ Նիկոլ Նասեն։
«Նիստում քննարկվել է ԴՆԹ տվյալներով անձանց նույնականացման, անձանց անհետացման հանգամանքների քննությանը վերաբերվող խնդիրները և դրանց լուծման հնարավոր եղանակները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Աբազյանը ներկայացրել է անհետ կորած, գերեվարված անձանց ծնողներից ու հարազատներից ստացված դիմումների ուսումնասիրման ընթացքը, առանձնացվել են հրատապ լուծում պահանջող խնդիրները: Նա տեղեկացրել է, որ այսօր հանդիպելու է հանձնաժողովին դիմումներ ներկայացրած ընտանիքների անդամների հետ:
Նիստն ավարտվել է հանձնաժողովի անդամներին տրված հստակ հանձնարարականներով՝ հանձնաժողովի հաջորդ նիստին դրանց կատարման արդյունքներն ամփոփելու պայմանով:
ՀՀ ԱԱԾ-ն գերիների հարազատների համար թեժ գիծ է գործարկել
Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։
ԿԽՄԿ–ի` 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանից անհետ կորած էր համարվում 303 անձ: