ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. 2022թ․-ին Հայաստանում հիմնանորոգվել է մոտ 300 կմ ճանապարհ, միջին նորոգման աշխատանքներ են տարվել մոտ 153 կմ ճանապարհահատվածներում։ Այսօր ՀՀ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպման ժամանակ զեկուցել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ավետիսյանը նշել է նաև, որ անցնող տարում Հյուսիս-Հարավի տրանշ-3-ում ասֆալտապատվել է մոտ 50կմ, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի բարելավման ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է 9.8կմ։
«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում վերականգնվել է մոտ 9 կմ, ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում՝ 7.8 կմ»,- ասել է նա։
Նշվել է, որ շինաշխատանքներ են տարվել հատկապես Սյունիքի մարզում։ Ավարտվել են Բագրատաշենի մաքսային անցակետում նոր կամրջի կառուցման աշխատանքները ու Հյուսիս-Հարավի Թալին-Լանջիկ հատվածի ասֆալտապատումը։
Միջազգային գնահատման ինդեքսով շատ վատ վիճակում գտնվող ճանապարհահատվածները Հայաստանում կրճատվել են։ Այս մասին էլ նախարարին զեկուցել է փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։
«2021թ.-ի ցուցանիշներով (2022թ. տվյալները կամփոփվեն հաջորդ տարի)՝ ՀՀ միջպետական նշանակության միայն 0.3 տոկոսն է գտնվում շատ վատ վիճակում, հանրապետական նշանակության ճանապարհների՝ 18.8 տոկոսը»,- ասել է նա։
Գնել Սանոսյանը մի շարք անձանց պարգևատրել է ճանապարհաշինության ոլորտում ներդրած ավանդի համար։