ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի Էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել է գեներացիայի օբյեկտների և էլեկտրացանցերի վնասման մասին, ինչպես նաև նշել է հանրապետության այն շրջանները, որտեղ բարդ իրավիճակ է դիտվում էներգետիկայի հարցում: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում։
«Որոշակի վնասվածքներ կան գեներացնող օբյեկտներում և էլեկտրացանցերում։ Բարդ իրավիճակ է երկրի արևմուտքում՝ Օդեսայի և Կիևի շրջաններում»,-հայտնել Է նախարարը։
Գալուշչենկոն նշել է, որ գործելու են վթարային անջատումներ։ Նրա խոսքով՝ էներգետիկները զբաղվում են էներգամատակարարման վերականգնմամբ։
Դեկտեմբերի 29-ին Ուկրաինայի խոշորագույն քաղաքների տեղական իշխանությունները հայտարարել են մի շարք պայթյունների մասին, որոնք ուղեկցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի ձայներով։ Պայթյուններ են տեղի ունեցել Կիևում, Օդեսայում, Խարկովում, Լվովում և այլ բնակավայրերում։ Նույն օրվա առավոտյան երկրի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։
Ուկրաինայի Օդեսայի և Դնեպրոպետրովսկի մարզերում որպես կանխարգելիչ քայլ անջատել են լույսերը, որպեսզի էներգահամակարգի գերբեռնվածություն թույլ չտան: Լվովի իշխանությունները հայտնել են, որ քաղաքի կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտներն անցնում են դիզելային գեներատորներով աշխատանքի։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 307-րդ օրը։