Թուրքիան և Ադրբեջանը չպետք է խախտեն ուժերի հավասարակշռությունն Անդրկովկասում. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը` կապված մինչև 2025 թվականը Ադրբեջանի ԶՈւ–ն Թուրքիայի ԶՈւ–ի մակարդակին բերելու ծրագրերի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի և Ադրբեջանի փոխգործակցությունը չպետք է խախտի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի զարգացնելու ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն այլ պետությունների հետ։ Միևնույն ժամանակ մենք կանոնավոր կերպով գործընկերներին հասկացնում ենք այն թեզը, որ այդ փոխգործակցությունը չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ և չպետք է խախտի ուժերի ստեղծված հավասրակշռությունն Անդրկովկասում»,–ասել է Զախարովան։
Դիվանագետը նշել է, որ դա հավասարապես վերաբերում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին։
Խաղաղապահներն անում են ամեն ինչ իրավիճակը բարելավելու համար. Զախարովան` Լաչինի մասին
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ նպատակ է դրված մինչև 2025 թվականն ադրբեջանական բանակի մակարդակը հասցնել Թուրքիայի ԶՈւ–ի մակարդակին։ Նրա խոսքով` Ադրբեջանի ԶՈւ–ն մինչ այդ պետք է համապատասխանի թուրքական բանակի բոլոր պահանջներին և չափորոշիչներին։ Աքարն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ–ն միասնական օրգանիզմ են դառնում և երկու պետությունների առաջ կանգնած ընդհանուր խնդիրներ են կատարելու։