Փաշինյանն ասել է` ում կուզենար տեսնել ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ արդարադատության փոխնախարարը կզբաղեցնի այդ պաշտոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկել է, թե ով է զբաղեցնելու ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։
«Քննարկումներ եղել են, ես հույս ունեմ, որ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը կստանձնի Արփինե Սարգսյանը (արդարադատության փոխնախարար,– խմբ.), որը ներգրավված է եղել ոստիկանության բարեփոխումներում, ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքներում: Շատ կարևորում եմ նոր ձևավորվող նախարարությունում ռազմավարությունները մշակող և իրականացնող թևը, որը, տիկին Սարգսյանը, հույս ունեմ, կղեկավարի»,– արդարադատության նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանին աշխատակազմին ներկայացնելիս ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` կարծես թե բոլոր նախադրյալները ստեղծվել են, որպեսզի դատաիրավական, դատական համակարգի ինստիտուցիոնալ ուժեղացման, կայացման, անկախ դատական համակարգ ունենալու տեսլականի ծրագրավորման, պլանավորման փուլից արդեն անցնեն իրագործման փուլ:
Արմենուհի Հարությունյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Արփինե Սարգսյանը արդարադատության փոխնախարար էր նշանակվել այս տարվա հունվարին։
Հիշեցնենք, որ ԱԺ–ն հաստատել է ՆԳՆ ստեղծելու օրենքի նախագիծը։ Նոր օրենքով նախատեսվում է, որ ոստիկանապետը կլինի ներքին գործերի նախարարի տեղակալը, միևնույն ժամանակ անվտանգության խորհրդի անդամ, իսկ ոստիկանության զորքերը կդառանան ոստիկանական գվարդիա՝ ավելի ընդլայնված գործառույթներով։