ԼՂ–ում խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու համար 2 կողմերի համաձայնությունն է պետք. Պեսկով

Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահների միջազգային մանդատի հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Կրեմլում հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու, ինչպես նաև միջազգային ուժերի հնարավոր ներգրավման համար անհրաժեշտ է հակամարտող երկու կողմերի՝ Հայաստանի ևԱդրբեջանի համաձայնությունը: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Միջազգային խաղաղապահներ կարող են ներգրավվել, եթե կա հակամարտության երկու կողմերի համաձայնությունը։ Խոսքը ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ադրբեջանի մասին է»,–ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր` եթե ՌԴ–ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունություն ու անվտանգություն ԼՂ–ում, ապա պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ–ի ԱԽ–ում, ու ԼՂ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ–ի լրացուցիչ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։
Իսկ դեկտեմբերի 22-ին Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություններ ուղարկելու անհրաժեշտության մասին: Նրա տեսանկյունից` անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն ավելի մեծ ուշադրություն դարձնի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը։ Ընդ որում, «ռուս խաղաղապահների փոխարինման» մասին չի խոսվել։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։