ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման կարգը կվերանայվի։
ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նոր կարգն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։ Նախատեսվում է, որ այդ դասաժամերին աշակերտներն ու ուսանողները պետք է ծանոթանան զորամասերի զինվորական անձնակազմի կյանքին և կենցաղին, զենքին ու զինվորական տեխնիկային, տեսական և գործնական պարապմունքների միջոցով ձեռք բերեն շարային ու կրակային պատրաստության կարողություններ, յուրացնեն քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերի հիմունքները։
Նախագծի հեղինակների համոզմամբ` այդ դասընթացների շնորհիվ ակնկալվում է դաստիարակել ֆիզիկապես և բարոյապես առողջ, դիմացկուն և հայրենիքի պաշտպանությանը պատրաստ քաղաքացիներ։
Առարկայի արդիականացման համար նախատեսվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասագրքերի ու ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում, հատուկ կահավորված դասասենյակների ստեղծում, նաև ուսումնական զենքերի ու ռազմամթերքի տրամադրում ուսումնական հաստատություններին։
«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսումնական ծրագիրը ներառելու է զորամասերում կամ ռազմամարզական ճամբարային հավաքներում գործնական պարապմունքների ու կրակային պատրաստության իրականացում, որոնց տեղն ու ժամանակացույցը սահմանվելու է պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ազգային անվտանգության, ոստիկանության գերատեսչությունների հետ համատեղ։
Զինղեկները նշանակվելու են ուսուցչի նշանակման համար օրենքով սահմանված կարգով, կրելու են ՊՆ–ի կողմից սահմանված ու հատկացված զինվորական համազգեստ:
Հիշեցնենք` մամուլը գրել էր, որ ՀՀ ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Ադրեասյանը հրահանգել է դպրոցներում արգելել բոլոր տեսակի ռազմահայրենասիրական պարապմունքներն ու կրթադաստիարակչական միջոցառումները, ինչը նշանակում է հրաժարվել համագործակցել ռազմական այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Կոմանդոս ռազմամարզական ակումբը», «Զարկ» ծրագիրը, «Փոքր Մհերը», ՈՄԱ (Ողջ մնալու արվեստը) ռամահայրենասիրական հասարակական կազմակերպությունը և այլն: