Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ երկրի համար որևէ սպառնալիք չի զգում

Կիրիակոս Միցոտակիս
2023 թվականին Հունաստանում պաշտպանական ծախսերը կկազմեն 5,65 միլիարդ եվրո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ երկրի պաշտպանական հնարավորություններն այնքան են ամրապնդվել, որ ինքը որեւէ մեկի կողմից սպառնալիք չի զգում: Այս մասին նա հայտարարել է Կրետե կղզում` ռազմաօդային ուժերի 115-րդ ավիաթև այցելության ժամանակ։
Կառավարության ղեկավարը դիտել է Viper և F-16 ինքնաթիռները և տեղեկացվել է մարտական ավիաթևի խնդիրների, կազմակերպման և պատրաստվածության, ինքնաթիռների արդիականացման և զինված ուժերի ընդհանուր ամրապնդման մասին:
«Սա ռազմաօդային ուժերի համար կարևոր արդիականացում է, շատ կարևոր ծրագիր, որը, մեր կատարած այլ ներդրումների հետ համատեղ, կարծում եմ, մեզ երկարաժամկետ վստահություն է տալիս, որ մենք ամրապնդել ենք մեր զսպման ներուժը այն աստիճանի, որ մենք որևէ մեկի կողմից սպառնալիք չենք զգում»,-ասել է Միցոտակիսը:
Հունաստանը 2020 թվականից իրականացնում է 83 F-16 Block 52+ և 52+ Advanced ինքնաթիռների արդիականացման ծրագիրը մինչև Viper մակարդակ, որը համարվում է F-16-ի ամենակատարյալ տարբերակը այսօրվա դրությամբ։
2023 թվականին պաշտպանական ծախսերը նախատեսվում են 5,65 միլիարդ եվրոյի չափով` 2022 թվականի 6,39 միլիարդ եվրոյի դիմաց։ 2023 թվականի բյուջեում սպառազինության համար 2,41 միլիարդ եվրոյի հատկացում է նախատեսված։