ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Սիսիան համայնքի և հարակից գյուղերի մի քանի տասնյակ աշակերտներ այսօր այցելել են կառավարություն։ Նրանց հյուրընկալել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Դպրոցականները մինչ կառավարություն գալը այցելել են նաև «Առնո Բաբաջանյան» համերգասրահ ու դիտել են փոքրիկների համար նախատեսված ներկայացում, ապա այցելել են Ազգային ժողով ու հանդիպել պատգամավորների հետ։
ՀՀ վարչապետն ընդունել է Սիսիան համայնքի և հարակից գյուղերի մի քանի տասնյակ աշակերտների
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Սյունիքի մարզից եկած աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին միջազգային հարաբերություններին, դպրոցաշինությանը, այդ ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերին։
Վարչապետն անդրադարձել է դպրոցականների համար ներդրված՝ թանգարան, համերգասրահ, թատրոն տարեկան մեկ անգամ անվճար այցելելու պետական ծրագրին և հորդորել Սյունիքի մարզի դպրոցականներին օգտվել դրանից, շատ հաճախել մշակութային վայրեր:
Իրենց հերթին աշակերտներն առաջարկել են, որպեսզի ներկայացումներ կազմակերպվեն նաև իրենց բնակավայրերում: Վարչապետը խոստացել է հարցը պահել ուշադրության կենտրոնում: