ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքները կավարտվեն ոչ թե 2022թ-ի տարեվերջին, այլ 2023թ–ի։
Վերջնաժամկետի երկարաձգման մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանված ժամկետում` 2020-2022թթ.–ի ընթացքում, նախատեսված աշխատանքներն իրականացվել չի հաջողվել։
Կառավարության որոշման հիմնավորման համաձայն` ուշացումը պայմանավորված է ծրագրով նախատեսված մրցութային գործընթացների երկարաձգմամբ և կասեցմամբ ինչպես նաև` COVID-19-ի համավարակով, ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում առաջացած արտադրական, լոգիստիկ և պատժամիջոցային սահմանափակումներով, որոշ սարքավորումների արդիականացման տեխնիկական պահանջների փոփոխմամբ, ՀՀ տարածքում ռազմական դրության հայտարարման հետևանքով առաջացած ֆորս-մաժորային սահմանափակումներով։
Այդ ամենի արդյունքում «Ռոսատոմ» ընկերությունը չի կարողացել Հայաստան ներկրել ՀԱԷԿ–ի արդիականացման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները։
Հիշեցնենք` ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման որոշումը կառավարությունն ընդունել էր 2020թ հունիսի 20-ին` այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացնելով 63.2 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով բյուջետային վարկ։
2020թ. հունիսի 11-ին կառավարությունն աշխատանքների իրականացման համաձայնագիր է կնքել «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերության հետ` 40 255 000 ԱՄՆ դոլար պայմանագրային գումարով: