Առևերույթ չարաշահումներ. Կապանի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Կապան համայնքի նախկին ղեկավարի գործողությունների հետևանքով համայնքին չի վճարվել ավելի քան 1 միլիոն դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Կապան համայնքի նախկին ղեկավար Աշոտ Հայրապետյանին մեղադրանք է ներկայացվել մի շարք չարաշահումներ համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Կապան համայնքի նախկին ղեկավարը 2012 թվականից մինչև 2018 թվականը պատասխանատվության միջոցներ չի ձեռնարկել համայնքային սեփականություն հանդիսացող 1,4 հա հողամասի վրա համայնքի բնակիչների կողմից ինքնակամ շինության կառուցումը դադարեցնելու և կառուցողների նկատմամբ վարչական տույժ սահմանելու ուղղությամբ։
Համայնքի նախկին ղեկավարը ապօրինի կառուցված վերոնշյալ շինությունում անխափան ջրամատակարարումն ապահովելու համար 2017թ. հոկտեմբերի 2-ին կազմել և Կապան համայնքի վերոնշյալ բնակիչներին տվել է կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք, թե իբր ք. Կապան Քաջարանյան մայրուղու՝ ռեստորանային համալիրի դիմաց գտնվող 1,4 հա հողամասի վրա կառույցի օրինականացման գործընթացն ընթացքի մեջ է, որն էլ բնակիչը այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ ներկայացրել է «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերություն և 21.01.2019թ. տվյալ ընկերության հետ կնքել ջրամատակարարման պայմանագիր:
Բացի այդ, Հայրապետյանը, տեղեկանալով, որ ՀՀ–ում գործող հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերություններից մեկը պատրաստվում է տեղադրել բջջային հիմնական կայան և վճարել այդ հողակտորն օգտագործելու դիմաց, 2014 թվականի սեպտեմբերի 30-ին կայացրած որոշմամբ՝ 25 տարի ժամկետով և տարեկան 1000 դրամ վարձավճարով համագյուղացուն տվել է գյուղատնտեսական նշանակության` արոտ հանդիսացող, 0,015 հա մակերեսով հողատարածքը։ Այնուհետև նույն հողատարածքը, երկկողմ համաձայնությամբ և նոր պայմանագրով ենթավարձակալության է տրվել է երրորդ անձին, այս դեպքում` հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերություններից մեկին։
Կապան համայնքի նախկին ղեկավարի գործողությունների հետևանքով համայնքին չի վճարվել ընդհանուր 1.316.500 ՀՀ դրամ։
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2022 թվականի դեկտեմբերի 28-ին Հարությունյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել, որը բավարարվել է։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից Կապան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխանաբար 441-րդ հոդվածի 1-ին մասին (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) , 445-րդ հոդվածի 1-ին մասին (պաշտոնեական կեղծիք), 447-րդ հոդվածի 1-ին մասին (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը):
Նախաքննությունը շարունակվում է:
Մի խումբ անձինք կեղծ դոլարներ են իրացրել. երկուսը կալանավորվել են